ԱՄՆ պետդեպարտամենտը հաղորդագրություն է տարածել, որտեղ մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայում իրական դրության մասին փաստերը խեղաթյուրելու մեջ, գրում է gazeta.ru-ն:
Այնտեղ, մասնավորապես, պնդվում է, որ չնայած ուկրաինական սահմաններից զորքերը հեռացնելու մասին հայտարարություններին՝ Ռուսաստանը շարունակում է այդ շրջաններում պահպահել 35-ից 45 հազար թվաքանակով ռազմական խմբավորումներ, որ Ուկրաինայում ձերբակալվել են հետախուզական գործունեություն անցկացնելու մեջ կասկածվող բազմաթիվ անձինք, որ բնակչության մեծ մասը դեմ է դաշնայնացմանը:
Առանձին անդրադարձ կա նաև Ուկրաինայի համար Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացմանը:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հերքել է ԱՄՆ-ի պնդումները, որ ուկրաինական իրադարձություններում երևում է Մոսկվայի միջամտությունը:
«Բավական է հեքիաթներ տարածել, որ մենք մեծ թվով զինվորականներ ենք կուտակել այդ երկրի հետ սահմանին՝ պատրաստ մի քանի ժամվա ընթացքում հասնել գրեթե Լա-Մանշ, որ մենք մեծ թվով գործակալներ ենք ուղարկել, որոնք համակարգում են Ուկրաինայի բողոքող բնակիչների գործողությունները»,- ապրիլի 13-ին ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:
«Միջազգային հանրությունը պետք է պահանջի մայդանի կողմնակիցներից անմիջապես դադարեցնել պատերազմը սեփական ժողովրդի դեմ: Հենց Արևմուտքից է կախված Ուկրաինայում քաղաքացիական պատերազմից խուսափելու հնարավորությունը»,- ասել է Չուրկինը: