Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Վահե Գրիգորյանը երեք տարբերակ է առաջարկում. Արարատ Միրզոյանը մանրամասնում է հայտնի նամակի բովանդակությունը /տեսանյութ/

analitik.am

Ես ստացել եմ նամակը և պատրաստվում եմ այդ նամակն ուղղել մյուս պատգամավորներին: Կարծում եմ, որ քննարկման մեծ նյութ ու առիթ կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Վահե Գրիգորյանի նամակի մասին:

Միրզոյանի խոսքերով, իսկապես անորոշություն կա. «Ըստ ամենայնի, միգուցե նաև ճգնաժամի մասին կարելի է խոսել: Պետք է հասկանանք, որ մենք խոսում ենք ՀՀ իրավական անվտանգության մասին: Ես ողջունում եմ, որ նա բոլոր մարմիններին է ուղարկել նամակը, քանի որ նման չգնաժամերից ժողովուրդները և երկրները դուրս են գալիս լայն քննարկումների և որքան հնարավոր է լայն կոնսենսուսի ճանապարհով: Բոլոր նրանք, ովքեր մասնակցում են Սահմանադրական դատարանը կազմելուն, պետք է լուրջ քննարկում ունենան, որպեսզի հասկանանք, թե ի վերջո ինչպես ենք դուրս գալիս իրավիճակից»:

ԱԺ նախագահը հայտարարեց, որ այսօր Սահմանադրական դատարանի նկատմամբ կա հասարակության անվստահություն, ինչը նոր չէ՝ եղել է տասնամյակներ շարունակ. Մարդիկ հարցեր են բարձրացրել Հրայր Թովմասյանի ընտրության հետ կապված և այլն:

Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, Միրզոյանն ասաց, որ դրանով Վահե Գրիգորյանը երեք տարբերակ է առաջարկում իրավիճակից դուրս գալու համար. «Փաստարկելով և հիմնավորելով ճգնաժամի գոյությունը՝ Վահե Գրիոգրյանը լուծման երեք տարբերակ է տեսնում՝ առկա իրավիճակի ամրագրումից՝ որպես նորմալ, մինչև մեծ կամ միջին տրամաչափի փոփոխություններ»:

«Առնվազն պետք է արձանագրել, որ կա անորոշություն: Մենք կարիք ունենք լայն քննարկում ծավալելու՝ հասկանալու համար, թե մեր երկիրն այս ճգնաժամից ինչպես է դուրս գալու»,-ամփոփեց Միրզոյանը:

Նույն շարքից