Տեղի ժամանակով առավոտյան 9-ին լրանում է Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի կողմից ցուցարարներին հայտարարված վերջնագրի ժամանակը, որպեսզի նրանք ազատեն գրաված վարչական շենքերը: Այդ դեպքում նրանք կազատվեն ցանկացած հետապնդումից եւ պատժից: Իսկ հակառակ դեպքում պատասխան են տալու Ուկրաինայի օրենքի առաջ, քանի որ արեւելյան մարզերում նախատեսվում է լայնածավալ հակաահաբեկչական գործողություն անցկացնել, հայտնում է ՈՒՆՆ-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հակաահաբեկչական հատուկ գործողություն էին հայտարարել` «երկրում իրավիճակը կարգավորելու , ծայրահեղական տրամադրված անձանց կողմից անջատականության դրսեւորումները հաղթահարելու եւ վարչական շենքերը զավթելը կանխելու նպատակով»: Հատուկ ուշադրություն է դարձվում Դոնեցկին, Լուգանսկին եւ Խարկովին:
Դրանից հետո Ռուսասանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամային իրավիճակը դիտարկելու է ՄԱԿ-ի ԱԽ-ում եւ ԵԱՀԿ-ում:
Ռուսաստանի կարծիքը աջակցություն չի գտել ԱԽ-ի եւ ոչ մի մասնակցի կողմից: Որոշ երկրներ կտրուկ հայտարարություններով էին հանդես եկել` դատապարտելով Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը հայտարարել էր, որ Ուկրաինայի արեւելքում իրադարձությունները բողոքի ցույցի բնույթ չունեն, այդ պատճառով էլ ավելի շատ ռազմական գործողություն են հիշեցնում: