Հասարակություն 

Ռուբեն Խաչատրյանը կյանքում կենդանի շոյած չկա, իսկ եթե շոյում էր սպիրտով ձեռքերը լվանում էր․ Կենդանաբանական այգում ձիարշավարան չեն կառուցում

2018թ-ի օգոստոսի 20-ին Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր. «Գործունեության թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները՝ Երևանի կենդանաբանական այգին հանձնառություն է ստանձնել նաև օգնելու առողջական պրոբլեմներ ունեցող երեխաներին: Կենդանաբանական այգում գործող ձիարշավարանում նախորդ տարիներին կազմակերպվել են հիպոթերապիայի անվճար սեանսներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար»:

Դրանից հետո, այսօր Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն է տարածում, որտեղ ասվում է. «Երևանի կենդանաբանական այգին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աջակցությամբ սկսում է հիպոթերապիայի հերթական անվճար պարապմունքներ», շարունակությունը գրեթե այնպիսին է, ինչպիսին 2018թ-ի օգոստոսի հայտարությունը միայն ավելացել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աջակցությամբ»:

Տեղեկացնենք, որ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի ղեկավարը Կենդանաբանական այգու տնօրենն է՝ Ռուբեն Խաչատրյանը, ով այս տարի արդեն հայտարարել էր, որ «Որոշ աշխատողներ Կենդանաբանական այգու այցելուներին մատուցել են ձիով շրջայցեր՝ համապատասխան վճարի դիմաց» և ձիերին «դուրս քշեց» Կենդանաբանական այգուց:

Զարմանալի է, թե ինչո՞ւ օգոստոսին ձիարշավարանի գոյությունը դրական էր, իսկ այս տարի`ոչ: Չէ որ նպատակը նույնն էր՝ հիպոթերապիայի անվճար սեանսներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ կենդանաբանական այգու ձիերի և ընդհանրապես այգու ձիարշավարանի բիզնեսը պատկանում էր Ռուբեն Խաչատրյանին և Սևան ազգային պարկի տնօրեն Վահե Գուլոյանին:

Ինչպես երևում է Ռուբեն Խաչատրյանը հանել է Գուլոյանին բիզնես-ընկերությունից և այժմ ինքն իր հետ է բիզնես անում. Նա և Կենդանաբանական այգու տնօրենն է, և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի»:

Analitik.am-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ կատեգորիկ դեմ է, որ կենդանաբանական այգում ձիարշավարան գործի, այն էլ գիշատիչ կենդանիների աչքի առջև. չէ որ ձիերը պոտենցիալ որս են առյուծների համար և նրանք ստրես են տանում, իսկ ձիարշավարանը հենց նրանց վանդակի հարևանությամբ է:

«Ռուբեն Խաչատրյանը պետք է գիտելիքներ ունենար, կամ էլ առնվազն խորհրդատուներ: Կենդանաբանական այգին պետք է ազատավանդակներ կառուցի, տեղ չկա, իհարկե կենդանիների քանակն էլ է նա հասցրել մինիմալի, սակայն տարածք էլ չկա»,-ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Ռուբեն Խաչատրյանն անգամ կենդանի չի սիրում, կյանքում կենդանի շոյած չկա, իսկ եթե շոյում էր սպիրտով ձեռքերը լվանում էր:

«Գոնե ձիարշավարանը կից լիներ Կենդանաբանական այգուն, ես դեմ չեմ ձիարշավարանին, սակայն Երևանի Կենդանաբանական այգին տարածքի խնդիր ունի, հետո էլ դա Կենդանաբանական այգի է, ոչ թե հիպոթերապիայի կենտրոն: Բիզնես են դրել»,-ասաց նա:

Արդյոք ձիերի բիզնեսը պատկանում էր թե նախկինում, թե ներկայում Ռուբեն Խաչատրյանին հարցին, Մարտիրոսյանը պատասխանեց, որ ճանճը թե՛ նախկինում, թե՛ հիմա առանց Ռուբեն Խաչատրյանի գիտության չէր կարող մտնել Կենդանաբանական այգի և նա տեղյակ չլիներ:

Հարցին, թե ձիարշավարանի բիզնեսը, ինչպես լավատեղյակ աղբյուրներն են պնդում, արդյո՞ք պատկանում էր Ռուբեն Խաչատրյանին և Սևան Ազգային պարկի տնօրեն Վահե Գուլոյանին, ասաց, որ չի կարող ոչինչ ասել, քանի որ ինքն էլ տարբեր բաներ է լսել, սակայն փաստաթղթեր չի տեսել և հստակ ոչինչ ասել չի կարող, սակայն միանշանակ է, որ Կենդանաբանական այգում ձիարշավարան չեն կառուցում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից