ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ եթե երկրի արեւելքում Կիեւն ուժ գործադրի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ուկրանայի միջեւ ապրիլի 17-ին նախատեսված հանդիպումը կտապալվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դուք, ի՞նչ է, կարծում եք, որ վաղն Ուկրաինայի զինված ուժերը երկրի հարավ-արեւելքում ռազմական գործողություններ կսկսեն, իսկ մենք այդ հանդիպման համար թղթե՞ր կգրենք: Իհարկե, այդպիսի հանդիպման հնարավորությունը վստահաբար կձախողվի, եթե ռազմական գործողություններ սկսվեն Ուկրաինայի հարավ-արեւելքում», – ասել է Չուրկինը ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստում:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությամբ երկրի արեւելքում հատուկ գործողություն սկսելու մասին:
ԱԽ-ի արտակարգ նիստում Չուրկինը դիմել է ԱՄՆ-ին` Տուրչինովին զանգահարելու եւ նրան ուժային գործողություններից հետ պահելու կոչով: