Հասարակություն 

Երեկվա կարկուտից անգամ հավ է սատկել․ Շիրակ գյուղում կարկուտը 100 տոկոսով ոչնչացրել է բերքը

«Երեկ մեր տարածաշրջանում 20 րոպե կարկուտ եկավ, բերքի 70-ից 100 տոկոսը ոչնչացրել է»,-այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակ համայնքի ղեկավար Համլետ Ասատրյանը՝ նշելով, որ կարկուտից հետո համայնք էին եկել Շիրակի փոխմարզպետը, գյուղվարչության պետը, խոշորացված համայնքի ղեկավարը։ Վերջիններս նայել են վնասված հողատարածքները և այժմ էլ մարզպետարանի ներակայացուցիչները գյուղում են, հաշվարկում են վնասները, որ աջակցության դեպքում իմանան ում ինչքան փոխհատուցեն:

«Երեկվա կարկուտից անգամ հավ է սատկել, մարդկանց է վնասել, մեկի գլխին հարվածել էր կարկուտը, թեթև վնասել էր, արյուն էր գալիս, այ այդպիսի ուժեղ կարկուտ էր։ Ես 15 տարի նման կարկուտ չեմ հիշում»,-ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ շիրակցիները կատակում են, որ սպասում էին անձրևի՝ կարկուտ եկավ, իսկ տարածաշրջանում անձրև երկար ժամանակ չէր եկել:

Շիրակի համայնքապետը նշեց, որ գյուղը մշակում է գարի ցորեն, սեղանի ճակնդեղ, կարտոֆիլ, բազուկ, գյուղի ողջ հողատարածքը՝ 1300 հա մշակվում է, անգամ հարևան գյուղերից են գալիս մշակում:

Ասատրյանն ավելացրեց նաև, որ առավոտյան կարկուտից գոյացած սառույցի շերտը դեռ տեղ-տեղ չէր հալվել, անգամ Վանաձոր-Գյումրի միջպետական ճանապարհին սառցե շերտ էր առաջացել և մեքնենաերի շարժը դժվարացրել:

Ըստ համայնքապետի, կարկուտը հարվածել է նաև հարևան գոյւղերին, սակայն որ գյուղն ինչքան է տուժել՝ տեղյակ չէր, սակայն ամենաշատը հենց Շիրակ համայնքն է տուժել․ «Գյուղացին մնաց շվարած, բոլորը վարկեր ունեին, մի 20 օրից քաղելու էին ու էսպես բոլորի տանջանքը ջուրը լցվեց, էդքան ծախս էին արել, էն էլ կարկուտը նման վնաս հասցրեց»,- ասաց Շիրակ համայնքի ղեկավարը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից