Հասարակություն 

«Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը Գարեգին Բ Կաթողիկոսի հետ

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամները՝  կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ, հունիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում,  հանդիպում ունեցան  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց  կուսակցության ներկայացուցիչներին՝ մաղթելով, որ իրենց գործունեությամբ նպաստեն հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման  սուրբ ու նվիրական գործին։

Հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը` կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն ընդգծեց  Հայ առաքելական եկեղեցու որպես սահմանադրական ինստիտուտի դերի մասին, որը կենսական նշանակություն է ունեցել հայկական ինքնության ձևավորման, հայկական մտքի, արվեստի, մշակույթի և գիտության արարման, պահպանման գործում: Նրա խոսքով, Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայապահպանության շտեմարան, որից սնվել  են հարյուրավոր սերունդներ՝ աշխարհի տարբեր ծայրերում հայ լինելու և հայ մնալու համար։ Հանդիպման ընթացքում Արթուր Ղազինյանը ներկայացրեց  կուսակցության գաղափարախոսությունը և գործունեության ուղղությունները։ Նա նշեց, որ բարդ մարտահրավերների առաջ կանգնած մեր պետությանն աջակցելու նպատակով «Մեկ Հայաստան» կուսակցության գաղափարախոսության կողմնակիցները ջանալու են քաղաքական դաշտում արմատավորել «հանուն» գաղափարախոսությունը. հանուն Հայաստանի ազգային և պետական շահի։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը հաջողություններ  ու բեղմնավոր գործունեություն մաղթեց կուսակցությանը՝  իր առաքելության իրականացման ճանապարհին։

Նույն շարքից