Քաղաքական կուսակցությունների անհասունությունից, անճարակությունից, պատեհապաշտությունից և հերթական ձախողություններից հետո, Հայաստանն ու հայությունը ականատեսն են երկրում հետզհետե աճող ու վերելք ապրող քաղաքացիական շարժումների, որ մերթ բնապահպանությամբ ու մերթ քաղաքացիական իրավունքների և հանրային գույքի պաշտպանությաբ են ասպարեզ իջնում:
Արցախի ազատագրման ու հայկական պետականության հիմնադրմանը հաջորդած, շուրջ երկու տասնամյա պատեհապաշտության, թալանի, կամայականության, թուլամորթության ու շատախոսության հատկանիշներով ճանաչված ու առաջնորդվող քաղաքական ինքնակոչ գործիչների ամբողջ հույլը, անճարակորեն տեղի տալով Հայաստանի Հանրապետության հասարակական հարթակի վրա հայտնված, դեռ եռեսունը չբոլորած երիտասարդների կազմակերպած շարժման դիմաց՝ դառնալով նրանց ՀԵՏԵՎՈՐԴԸ:
Մինչ ԴԻՄՈՒԹՅԱՆ ու ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ կուսակցությունները սեփական անբանությունն ու սնանկությունը արդարացնում կամ փնտրում են, փոխադարձ մեղադրանքների՝ ռուսամետության կամ արևմտամետության մեջ, ՀԱՅԿԱԿԱՆ հարազատ դիմագիծ ունեցող քաղաքացիական-հասարակական «ԴԵՄ ԵՄ! » նշանաբանով հատկանշվող շարժումը, ինքզինքը պարտադրում է ԲՈԼՈՐԻՆ՝ անխտիր:
ՆՊԱՏԱԿԻ ճշգիրտ սահմանումը, անկեղծ արտահայտությունը, հստակատեսությունն ու ծրագրային գործ կատարելու ընդունակությունը, հետևողականությունը, հավաքական գործի նկատմամբ ցուցաբերած գիտակցությունը, կատարած հայտարարություննրում ոճային հավասարակշռությունը... ահա այս ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ դրսևորած իմաստությունը, և կազմակերպված այն հսկայական աշխատանքը, որի հետևանքով ապացուցվեց տիրող ԱՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ու ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ քաղաքական բացարձակ մերկությունն ու դատարկությունը և վերջինիս պարտադրեց լուրջ նահանջի՝ վարչապետի և կառավարական կազմի հրաժարականին:
Թեև, քաղաքական մեկ-երկու սնանկ կուսակցություններ փորձեն, մասսայական այս Շարժման ալիքի վրա սեփական բարոյական և ֆինանսական ՍՈՎԸ հագուրդ տալ՝ նախարարական աթոռներ մուրալով, սակայն ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, բոլոր այդ և մնացյալ աթոռները զուրկ են հեղինակությունից, քաղաքական իսկական ուժից՝ զանգվածային նեցուկից: Հիրավի քաղաքացիական այս հզոր շարժման ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌՆ այն է, որ ՀՀ ժողովուրդը ներկայացաված չէ ԱԺ-ում և նրա հովանավորած կառավարությունում, այլապես վարչապետի և կառավարության հրաժարականը սահմանադրականորեն, բոլորովին ԱՄԲԱՑԱՏՐԵԼԻ կլինեին:
ՄԱՂԹԱՆՔ
Թեև ծանոթ չենք այս երիտասարդ քաղաքացիական շարժման առաջնորդներին, բայց որպեսզի իրենց ՃԱՆԱՊԱՐՀԸ չմնա կարճ ԱՐԱՀԵՏ և դառնա ՄԱՅՐՈՒՂԻ, նրանց մաղթում ենք եկող նոր մարտահրավերների, առավել ևս աճող հավանական սադրանքների դիմաց հանդես գալ համարժեք ԱՉԱԼՐՋՈՒԹՅԱՄԲ: Մաղթում ենք ԱՆԿԱՇԱՌՈՒԹՅՈՒՆ, ԱՐԻՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ, ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ և ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ..., որպեսզի հորիզոնի վրա տեսնենք ԱՅՆՊԻՍԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ, որոնք ոչ թե մտահոգ են գալիք ընտրությունների, այլ գալիք տասնամյակների համար:
Նման դեպքում, Ձեզ են միանալու, ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև տարագիր Հայությունը:
Աթենք, «Հայաստան լրատու ցանց», 14.04.2014.