Քաղաքականության մեջ որևէ երևույթը միարժեք չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը՝ քաղաքական հետապնդո՞ւմ, թե իրավական հարց:
«Մենք ասում ենք, որ իրավական գործընթացները պետք է ավարտվեն, որպեսզի մենք կարողանանք հասկանալ: Եթե իրավական գնահատականը ճիշտ է տրվում, ասելիք չես ունենում, իսկ եթե իրավական գնահատականները խնդրահարույց են, կարող ես որևէ գնահատական տալ»,-ասել է պատգամավորը:
ԲՀԿ-ականի խոսքերով, քանի դեռ ընթանում է դատական պրոցեսը, գնահատական տալը լուրջ չէ. «Մենք չգիտենք, թե ի վերջո ինչպիսի որոշում կկայացնի դատարանը և արդյո՞ք այն կբավարարի հանրության լայն շերտերին, մեզ՝ բոլորիս: Մասնագետները պետք է աշխատեն, իսկ գնահատականը վերջում պետք է տրվի: Եթե մենք տեսնենք, որ քաղաքական որևէ բաղադրիչ կա, մենք կբարձրաձայնենք այդ մասին»:
Բագրատանը նաև հիշեցրել է, որ խոսքն ի վերջո վերաբերում է խափանման միջոցին, ոչ թե դատավճռին:
Ամեն դեպքում պատգամավորը նշել է, որ մինչ այս պահը բոլոր գործողություններն իրավական են: