Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է՝ 1915թ.-ի դեպքերին առնչվող բանաձևի` ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի օրակարգ բերվելու և ընդունվելու դեպքում իրենք լուռ չեն մնա։
Բանաձևի հապճեպ օրակարգ բերվելը մատնանշող Դավութօղլուն նշել է, որ այն Սենատի օրակարգ չի մտնելու։ «Նման բան չի ակնկալվում։ Պարոն Քերին էլ նշեց՝ որ բանաձևը հանձնաժողովից այն կողմ չի անցնելու։ Մեր դիրքորոշումն ու արձագանքը հստակ է։ Թուրքիան նման քաղաքական շահարկումներ թույլ չի տա։ Մենք հետևում ենք իրադարձություններին»,-ասել է նա։