ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վստահ է, որ Աբովյանում ՔՊ-ն ընտրություններում պարտվեց, քանի որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը անձնավորել է ընտրությունները. «Նա հիստերիայի մեջ էր ընկել, թռչկոտում էր, դա մարզպետին վայել բան չէ, եսիմ ինչերի մեջ էր ընկել»,-հայտարարեց պատգամավորը լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե Աբովյանում շարունակում է արդյո՞ք մնալ քրեաօլիգարխիկ կլանը, Միքայելյանը նշեց, որ այն մնում է Հայաստանում. «Կամաց կամաց ամեն ինչը պետք է փոխվի, մենք կանխել ենք ինչ-որ բաներ անելը: Գնացեք ու նայեք, թե ովքեր են Ռոմանոս Պետրոսյանի կողքին, Կավալի տղան…այն անձինք, ովքեր խորը կապ են ունեցել Կավալի հետ: Այդ մարդկանցով է ինքը շրջապատված ու արժեհամակարգից ու նոր շարժումից է խոսում»:
Միքայելյանի խոսքերով, Կոտայքում «պոչտի» հին Հայաստան է․ «Մարդը, եթե այսօր մի տարածքում մարզպետ է նշանակվում, պետռք է համախմբի ժողովրդին: Ի պաշտոնե վախի մթնոլորտ ձևավորել, կամ ինչ-որ կլյաուզիայով բանով արժեհամակարգ չես ստեղծի: Մարդը պետք է այնպես աշխատի, որ իրեն հարգեն»,-ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ գնահատում է Աբովյանի գործող քաղաքապետի գործունեությունը. «Նա արդեն 5 տարի քաղաքապետ է, որևէ կուսակցության մեջ չի մտել: Դուք գիտեք, թե ինչպես էր այս հարցը խիստ դրված ՀՀԿ-ի օրոք»: