Քաղաքական 

Քաղաքապետարանի արձագանքը՝ ՎՊ զեկույցին

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է  ՀՀ վերահսկիչ պալատի զեկույցի վերաբերյալ, որում նշվում է, որ պետական գնումների համակարգը դեռևս լիովին չի արդարացնում սպասելիքները և որպես օրինակ բերվում է Երևան քաղաքի վարչական շրջաններում միևնույն տեխնիկական բնութագրերով սննդամթերքի ձեռքբերման նախահաշվային գները:

 

Երևանի քաղաքապետարանի պատասխանում, մասնավորապես, նշվում է. «Ձեր կողմից այսօր հրապարակված «Ընկերությունները տարբեր պետական կառույցներին միևնույն ապրանքը տարբեր գներով են մատակարարել. ՎՊ զեկույց» տեղեկատվության մեջ, մասնավորապես նշվում է, որ ՀՀ վերահսկիչ պալատն արձանագրել է, որ 2013թ-ի ընթացքում նույն ապրանքը միևնույն կազմակերպությունը տարբեր կառույցներին մատակարարել է տարբեր գներով և որպես օրինակ նշվում են Երևան քաղաքի վարչական շրջանները (մանկապարտեզները)։ Չառարկելով արձանագրված իրողությանը, հարկ ենք համարում արձագանքել այն որակմանը (խախտումներ, կոռուպցիոն ռիսկեր), որը նշված փաստի հիման վրա տրվել է հրապարակման մեջ։

 

Մասնավորապես, Երևան քաղաքի վարչական շրջանների մանկապարտեզների սննդամթերքի գների մասով, տեղեկացնում ենք, որ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի բ) մասի մանկապարտեզները՝ որպես համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, հանդիսանում են պատվիրատուներ և իրենց կարիքների համար կազմակերպում են առանձին գնման գործընթացներ, որի ժամանակ կարող է ձևավորվել ինչպես նախահաշվային տարբեր գներ, այնպես էլ մրցակցության արդյունքում պայմանագրային տարբեր գներ։

Հետևաբար, տարբեր պատվիրատուների, տարբեր մրցույթներում միևնույն ապրանքատեսակի համար տարբեր չափաքանակներով միևնույն գին ձևավորելու սկզբունք կամ հնարավորություն օրենսդրությամբ ամրագրված չէ, ուստի այս առումով օրենսդրության խախտման վերաբերյալ խոսք լինել չի կարող»։

Նույն շարքից