Ընդունված չէ գրել մերօրյա ճշմարիտ նվիրյալների մասին, այն մարդկանց, որոնք Հայրենիքի ճշմարիտ հենարաններն են դարձել՝ իրենց անսահման նվիրմամբ ու խենթ հայրենասիրությամբ օրինակելի դառնալով շատերի համար: Ընդունված չէ գրել, որովհետև շատ հաճախ չենք ուզում տեսնել նրանց, չենք ուզում հավատալ, որ ոմանց համար անսակարկելի արժեքներ են Հայրենիքն ու Երկիրը: Խաչիկ Ասրյանը մեկն է նրանցից, որոնք բոլորեքյան նվիրված են Երկրին, Հայաստանին, նվիրված են իրենց գաղափարին, որը դարերի փորձությունների միջով է անցել և վերածվել կեցության պայմանի, յուրատեսակ Աստվածաշնչի: Քառասունչորսամյա այս Հայի ամեն մի օրը լցված է Հայրենիքով, լցված է Երկրով, նա ապրում է այն բոլոր տագնապներով և ուրախություններով, որոնք երկրինն են, որոնք տեսնում են շատերը, սակայն քչերն են Ես-ը տրոհում Մենքի մեջ: Պարզ ու հասարակ այս Հայը ծնունդով Գորիսից է, հերոսական Զանգեզուրից, որտեղ մինչև հիմա թևածում է Գարեգին Նժդեհի ոգին, որտեղ ամեն լեռան ծերպից մեր փառավոր պատմության մի կանչն է հնչում, որտեղ աստղերը չափազանց մոտ են երկրին, ինչը նշանակում է, որ երկիրն ու երկինքն այստեղ միաձույլ են:
Մանկության տարիներին ծնողներից է լսել Գարեգին Նժդեհի անունը: Վախվորած, գողունի՝ ծնողները նրան պատմել են Նժդեհի մասին՝ ամուր փակելով դռները, որպեսզի ,,հակազգային,, հերոսի անունը հանկարծ ուրիշներին լսելի չդառնա: Խաչիկ Ասրյանը լսել է Նժդեհի անունն ու սրտում պահել, փնտրել գրառումներ նրա մասին, որոնք արդեն 1980-ականների վերջերից հասանելի դարձան: Գիշերները կարդացել է Նժդեհի մասին ու ապրել նրա հերոսական-եղերական ճակատագրով, հոգում մերթ ցավն է պատեպատ զարկվել, մերթ հպարտությունն է ծառացել:
1991թ. Սյունիքում, իր նախաձեռնությամբ, ստեղծել է ամենաերիտասարդ ջոկատը` «Նժդեհյան գայլախումբ» անվամբ, որտեղ ընդգրկվել են 15-18 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք էլ Տաթևում և Հալիձորում ստացել են ֆիզիկա-տեխնիկա-տակտիկական խիստ մասնագիտացված դասընթացներ: «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է (1991-1994թթ.) Լաչինի, Սաֆյանի, Սվարասիի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանական մարտերին: Պատանի հերոսի քաջագործություններն աննկատ չեն մնացել, ազատամարտի առաջնորդներն ու Ազգային բանակի առաջին հրամանատարները քաջալերել են նրան, հիացել նրա անսահման նվիրվածությամբ, առ հայրենին ունեցած անչափելի սիրով: Պատերազմում ապրածն ու տեսածը հետո գեղարվեստական ֆիլմի նյութ է դարձրել՝ նկարահանելով «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը` նվիրված արցախյան հերոսամարտին: Կինոյի հանդեպ սերն արդեն իրավաբանի բարձրագույն կրթություն ստացած Խաչիկ Ասրյանի 1998-ին տարել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եռամսյա ռեժիսորական և պրոդյուսերական դասաընթացներին և ստացել համապատասխան վկայական:
1999թ-ի հոկտեմբերի 9-ին Սյունիքում հիմնադրել է արցախյան պատերազմի ազատամարտիկ-հրամանատար, նահատակ Սամվել Գևորգյանի անվան «Սյունիք» կինոընկերությունը: 1999թ-ի հոկտեմբերի 9-16-ը Կապան քաղաքում կազմակերպել է հայ-ռուսական բարեկամության միջազգային 1-ին կինոփառատոնը: 1999-2002թթ-ին «Սյունիք» կինոընկերությունը դպրոցականների, ուսանողների և երիտասարդների շրջանում իրականացրել է մշակութային, սպորտային, արվեստին վերաբերող 170-ից ավել բազմաբովանդակ միջոցառումներ: Գուցե իրեն ամբողջապես շարժանկարի աշխարհին տար, դառնար անվանի կինոբեմադրիչ, եթե նորից ու նորից Գարեգին Նժդեհի կերպարը չհառներ նրան, եթե անհանգիստ հոգին իրեն չմղեր առավել կարևոր մի գործի՝ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Հենց Գարեգին Նժդեհի մշտաներկա կերպարն ու Հայրենիքի ամրության գաղափարն էլ առիթ դարձան, որպեսզի 2002 թվականին Սյունիքում հիմնադրի «Սյունյաց Արծիվներ» հասարակական կազմակերպությունը: Այս կազմակերպության միջոցով նա նորից շատերի մեջ արթնացրեց Լեռնահայաստանի կերպարը, նորից հիշեցրեց, որ այս անառիկ հողը մշտական հոգատարության և ուշադրության կարիքն ունի, որ հարկավոր է այսօր էլ ապրել այնպես, ինչպես ապրել է Գարեգին Նժդեհը:
Պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ասրյանի կենսագրական թերթիկում նրա ստացած պարգևների ցանկը ընդգրկուն է. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է շնորհակալագրերով (15.12.2008թ., 21.08.2011թ.): Պարգևատրվել է. «Լեռնահայաստան. Գարեգին Նժդեհ» ոսկյա հուշամեդալով /14.11.04/, Երկրապահ Կամավորական Միության հուշամեդալով /19.03.05/, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով /23.09.05/, «Մահապարտ» ոսկյա հուշամեդալով` «Արծիվ Մահապարտներ» միության կողմից /18.01.07/, «Հանուն հայրենիքի» հուշամեդալով /06.03.07/, ՀՀ Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ոսկե հուշամեդալով /23.12.07/, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոսկե հուշամեդալով /23.12.07/, «Ոսկե աստղ. ի պատիվ բարձր հարգանքի» հուշամեդալով` Միջազգային Ոստիկանության կորպորացիայի կողմից /31.01.08/, ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» հուշամեդալով /01.02.08/, «Ախթալա» ԼՀԿ հուշամեդալով /20.09.08/, «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով /ԼՂՀ, 23.11.08/, «Վազգեն Սարգսյան» շքանշանով` «Արծիվ մահապարտներ» միության կողմից /20.05.09/, ԼՂՀ Պաշտպանության բանակի հուշամեդալով /20.11.2009թ./, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով /19.12.2009/, «Հայոց Արծիվ» մեդալով` «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից /28.01.2010/, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» /25.12.2010/, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով /05.02.2011/, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով /11.02.2011/, «Զորավար Անդրանիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Անդրանիկ Զորավար» մեդալով /07.05.2011/, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության կողմից «Արտաշատի սահմանապահ ջոկատի 55 ամյակ» հուշամեդալով /16.05.2011/, «Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիա»-ի կողմից «Հայրենիքի պաշտպանության» համար կրծքանշանով /24.09.2011/, ՀՀ Պն-ի «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով /24.12.2011/, ինչպես նաև 140-ից ավել պատվոգրերով:
2005թ-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր իրականացրել է «ՀՀ-ի հարավային մարզերում և ԼՂՀ-ում գործող ե. հ/կ-ների, մարզերի երիտասարդների խնդիրների լուծման, նրանց դերի և կյանքի ակտիվացմանը վերաբերվող միջոցառումների» ծրագիրը: 2006թ-ի մայիսից մինչև հունիս իրականացրել է «ՀՀ հարավային մարզերում և ԼՂՀ-ում երիտասարդների զբաղվածության խնդիրների լուծման և մշակութային կյանքի ակտիվացմանը վերաբերվող միջոցառումների» ծրագիրը:
2006թ-ի հունիսից մինչև օգոստոս իրականացրել է «ՀՀ Սյունիքի մարզում և ԼՂՀ-ում գործող երիտասարդական հ/կ-ների դերի ակտիվացմանը, երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող միջոցառումների» ծրագիրը: 2006թ-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր իրականացրել է «ՀՀ հարավային մարզերում և ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հասարակական և մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված միջոցառումների» ծրագիրը: 2007թ-ի մարտից մինչև հունիս իրականացրել է «ՀՀ հարավային մարզերում և ԼՂՀ-ում հասարակական և մշակութային կյանքի ակտիվացմանը, երիտասարդների խնդիրների լուծմանը վերաբերվող միջոցառումների» ծրագիրը: 2007թ-ի դեկտեմբերից մինչև 2008թ-ի փետրվարը իրականացրել է «ՀՀ Սյունիքի մարզում և ԼՂՀ-ում հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը վերաբերվող միջոցառումների» ծրագիրը: 2008թ-ի սեպտեմբերից մինչև 2008թ-ի դեկտեմբերը իրականացրել է «ՀՀ Սյունիքի մարզում և ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հասարակական և մշակութային կյանքի ակտիվացմանը վերաբերվող միջոցառումների» ծրագիրը:
Խաչիկ Ասրյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի տեղակալն է: Բայց նրան իր աշխատասենյակում չես տեսնի: Մերթ Նախիջևանի սահմանին է, մերթ՝ Արցախում, մերթ՝ Տաուշում ու իր հայրենի Սյունիքում: Հազիվ է ժամանակ գտնում այցելելու Գորիսում ապրող իր ծնողներին, իսկ երեխաներն էլ կատակով փռում են իրենց առջև Հայաստանի քարտեզն ու սկսում գուշակել, թե այդ պահին ո՞ր կետում կարող է լինել հայրը… Իսկ նա միշտ այնտեղ է, որտեղ իր կարիքը կա, որտեղ նրան սպասում են, որտեղ նա կարող է հայտնվել անակնկալ կերպով և բոլորին վարակել իր խանդավառությամբ:
Ճիշտ որ, Հայրենիքի հենարաններից մեկը, որի շնորհիվ է նաև երկիրը սիրելի դառնում շատ երիտասարդների համար: