Հուլիսի 1-ին կայացած ասուլիսի ժամանակ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշեց, որ կառավարությունը մինչև 2021 թվականը պատրաստվում է բնակարանով ապահովել աղետի գոտու շահառուներին։ Ըստ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի, Սպիտակի երկրաշարժի հետևանքով տնակներում ապրող շահառու ընտանիքների թիվը 453 է և ծրագրի իրագործման համար 3 միլիարդ դրամ կպահանջի։ Պարոն Վերմիշյանը նշել է նաև, որ որոշումն արդեն կա և 20 թվականին վերջնականապես այդ հարցը կփակվի, որպեսզի 2021 թվականին աղետի գոտու շահառու հասկացողությունը վերանա:
Analitik.am-ն այս թեմայի վերաբերյալ խոսեց Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ, ով ասաց, որ աղետի գոտի հասկացությունը դեռ երկար ժամանակ չի վերանա, որովհետև կան շատ ընտանիքներ, ովքեր հոգեբանական ծանր ապրումներ են զգացել և դեռ զգում են, ովքեր հարազատներ են կորցեր. «Աղետ ասվածը դեռ երկար ժամանակ կմնա նրանց հոգեբանության մեջ, իսկ ինչ վերաբերվում է այդ 453 ընտանիքներին, ապա նրանց մեջ կան շահառուներ, ովքեր սոցիալական կարիքից դրդված վաճառել են բնակարանները և նորից բնակվում են տնակներում»:
Պարոն Խաչատրայնը նշեց նաև, որ Շիրակում երկրաշարժից տուժած շատ ընտանիքներ կան, ովքեր օժանդակության կարիք ունեն:
Օֆելի Իսրայելյան