Հասարակություն 

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները սպասում են Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը

Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 1-ին Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողները դարձյալ փակել են Երևան - Թբիլիսի երկաթգիծը, ինպես նաև գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը: Նույն օրը երեկոյան բողոքի ակցիան դադարեցվել էր, աշխատակիցներից մի քանիսը պատրաստվում էին հանդիպել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ:

Analitik.am-ի հետ զրույցում պղնձաձուլարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանն ասաց, որ խոսել են մարզպետի հետ և պայմանավորվել կրկին հանդիպել. «Կհանդիպենք, երբ այստեղ կլինեն կառավարությունից ներկայացուցիչներ, ամենայն հավանականությամբ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրենը և Լոռու մարզպետը: Մարզպետի հետ քննարկել ենք նաև այլ տարբերակներ, որոնցից մեկն էլ աշխատակիցների մի մասին Թեղուտում աշխատանքի ընդունելն է»:

Աշխատակցի փոխանցմամբ, Թեղուտում մի քանի աշխատակից կա և ոչ ավելին. «Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներից շատերն են ինքնակենսագրական ուղարկել, բայց դեռ ոչ մի պատասխան չեն ստացել: Մեր աշխատակիցներից շատերը վարկեր ունեն, բայց այս պահին անհնար է դրանց մարումը, դրա համար վարկ ունեցողների անուններն ուղարկել ենք կառավարություն, որ ինչ-որ լուծում տան: Տնօրինությունն ու կառավարությունը ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ և այդ ամենի արդյունքում տուժում ենք միայն մենք»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից