«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը, վարչապետ Փաշինյանը թեև սպասում էր, որ Սասուն Միքայելյանը հրապարակավ կարձագանքի ինչպես իշխող ուժի ղեկավար մարմնի կազմից դուրս գալու, այնպես էլ Աբովյանի ընտրությունների և Ռոմանոս Պետրոսյանի մեղադրանքների պատմությանը, սակայն չէր սպասում, որ արձագանքն այդքան կոշտ կլինի:
Ըստ աղբյուրի՝ Փաշինյանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ինչ կերպ պետք է արձագանքի Սասուն Միքայելյանի ասածներին, ում նկատմամբ նաև այլ հարցերով, այսպես ասած, վստահության պակաս կա:
Նկատենք նաև, որ մեր այլ աղբյուրն էլ այն կարծիքը հայտնեց, որ Սասունի այդ կոշտ արձագանքն ամենևին էլ պատահական չէր: Բանն այն է, որ ըստ աղբյուրի, նրա մերձավորների մոտ կա այն միտքը, որ ԱԺ մանդատից հրաժարվելու լուրը գալիս է անձամբ Փաշինյանից՝ որպես Աբովյանում նրա հաստատած կուսակցական գծից շեղվելու պատիժ:
Սասունն էլ ցույց տվեց, որ, ի տարբերություն շատերի, մանդատը նա ստացել է անձամբ իր հաշվին ու ոչ թե Փաշինյանի:
Իսկ կոշտ ելույթն ակնարկ էր, որ կարող է շատ ավելին խոսել: Ուստիև, աղբյուրի գնահատմամբ, Սասունի հետ հետագա հարաբերությունների հարցը մնաց «օդում կախված», և քանի դեռ հստակ որոշում չկա, հրահանգված է բոլորին, այդ թվում Ռ. Պետրոսյանին, այդ թեմայով չխոսել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում