Հայաստանի Հանրապետության կառավարությունն՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առաջնահերթություն է համարում ընտանեկան բռնության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը և կանանց հզորացումը: Այս ուղղությամբ մենք ոչ միայն բարի ցանկություններ և նպատակներ պետք է հայտնենք և կոչեր հնչեցնենք, այլ նաև գործուն քայլեր իրականացնենք: Այսօր՝ հուլիսի 3-ին, ՀՀ-ում կանանց նկատմամբ բռնությանը և ընտանեկան բռնության դեմ պայքարին վերաբերող ծրագրի մեկնարկի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարի խոսքերով, արդեն բավականին գործողություններ, որոնք գուցե ավելի շուտ պետք է արվեին, արվել են. «Ընտանեկան բռնության մասին օրենքը մեկ տարի առաջ է ընդունվել, բայց մենք միայն այս տարի ենք մի քանի որոշում կայացրել, որոնք պետք է ապահովեն այդ օրենքի իրացման մեխանիզմները»:
Բաթոյանը նշեց, որ այս ուղղությամբ քայլերը նախկինում դժվարությամբ են ընթացել առաջ, արհեստական խոչընդոտներ են եղել, սակայն հիմա իրավիճակ է փոխվել՝ կառավարությունը, խորհրդարանը, ՀԿ-ները շատ լավ համագործակցում են:
Նախարարը հայտարարեց, որ պետք է քայլեր ձեռնարկվեն օրենսդրական փոփոխություններ կատարելու համար, քանի որ օրենքները բավարար չեն խնդիրները լուծելու համար, դրա համար հաճախ խնդիրների լուծումները կախված են լինում անձերից:
«Մենք չպետք է միայն որպես արձագանքող հանդես գանք տարբեր խնդիրների դեպքում, այլ պետք է առաջնորդենք այդ խնդիրների լուծման գործընթացները: Ուրախ եմ փաստելու, որ միջգերատեսչական համագործակցությունն արդյունավետ է, թեև դեռ անելիք կա: Հանրության իրազեկության իմաստով կարևորում եմ նաև քաղաքացիների և լրատվամիջոցների ներգրավվածությունը: Չի կարող մեր հարևանությամբ ապրող ընտանիքի խնդիրը մերը չլինել: Չի կարող մեր բարեկամի ընտանիքում բռնությունը չհուզել մեզ: Կնոջ դերի բարձրացումը, հզորացումը բխում է նաև տղամարդկանց, ՀՀ շահերից: Այստեղ մենք իսկապես լուրջ անելիք ունենք: Ես հավատում եմ, որ մենք շատ ավելի մեծ արդյունքների կարող ենք հասնել համատեղ ջանքերով, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,-ասաց նախարարը: