Մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանն անդրադարձել է երգչախմբի ներկայիս վիճակին, որն ըստ նրա անորոշ է:
Analitik.am-ի հետ զրույցում պարոն Հեքեքյանը նշեց, որ 6 ամիս առաջ փլուզվել է երգչախմբի շենքի մի հատվածն ու մինչև հիմա որևէ բան չի արվել այն վերանորոգելու համար. «Առայսօր մենք անորոշության մեջ ենք, «Էյ Էմ Սի» ընկերությունը չի ուզում մեզ հետ կնքել պայմանագիր, այսինքն՝ մենք չունենք ոչ մի երաշխիք մեր երգչախմբի ապագայի համար և չգիտենք դեռ ինչքան պետք է սպասենք։ Կառավարությունը, մինչև շենքի վերանրոգելը, համապատասխան տարածք էր վարձել երգչախմբի համար, բայց արդեն 3 ամիս է, որ գումարը չեն վճարում»:
Պարոն Հեքեքյանը նշեց նաև առկա 2-րդ խնդիրը՝ Արամի 23-ի շենքն ու հարակից ամբողջ միջավայրը, որն ըստ երգչախմբի հիմնադիր ղեկավարի նույնպես վտանգված է. «Փողոցներն ու մնացած մյուս շենքերը փլուզվում են, ոչ մի շինաություն այնտեղ չեն անում մինչև շենքերը չապամոնտաժվեն, իսկ ճանապարհներն ուղղակի փլուզման մեծ վտանգ ունեն, կարող է նաև մադկային զոհեր լինեն: Այս ընթացքում տասնյակ նամակներ ենք ուղարկել պատկան մարմիններին՝ 13 հիմնարկ՝ վարչապետից սկսած, մինչև քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչություն, քաղաքապետարան, մշակույթի նախարարություն, ոստիկանություն, ԱԻՆ, դատախազություն, բայց հարցը ոչ մի օղակում լուծում չի ստանում»:
Պարոն Հեքեքյանի խոսքերով առավել մտահոգիչն այն է, որ ամեն անգամ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ապատեղեկատվություն է տարածում. «Սկզբում ասում էր, որ այն նախացիծը, ըստ որի շենքը պետք է սարքվի, կա, բայց մինչև հիմա այդ նախագիծը ոչ մի տեղ չգտանք։ Իր վերջին ասուլիսի ժամանակ էլ հայտարարել էր, որ իրենք ստորագրել են իտալացի մասնագետի նախագիծը, որին պետք է շտապ ընթացք տրվեր, բայց 2 ամիս ոչինչ չարվեց։ Գլխավոր ճարտարապետը լրագրողներին ասում էր, որ մայիսի 15-ին մակագրել է նախագծի թույլտվությունը և համաձայնությունը տվել է, իսկ մենք այդ թույլտվությունը ստանում ենք ոչ թե մայիսի 15-ին, այլ հունիսի 24-ին»:
Հարցին, թե ո՞րն է ձգձգվող և անհասկանալի գործընթացի պատճառը, պարոն Հեքեքյանը պատասխանեց, որ նրանք պետք է ասեն, թե ինչն է պատճառը, որ սովորական տեղեկանք ստանալը 2 ամիս ձգձգվել է:
Օֆելի Իսրայելյան