Հասարակություն 

Այգեպատը դարձել է Փարիզ. քայլելու տեղ չկա

Հունիսի 10-ից «Սպայկան» և մասնավոր հատվածը սկսել է ծիրանի և կեռասի մթերումը և արտահանումը:

Էկոնոմիկայի նախարարությունից Analitik.am-ին հայտնեցին, որ հուլիսի 1-ի դրությամբ արտահանվել է 11 338 տոննա ծիրան, 3 147 տոննա կեռաս:

Արարատի մարզի Այգեպատ համայնքի բնակչուհի Աննան Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ «Սպայկան» ծիրանը վերցնում է մեկ կգ-ն 400 դրամով, իսկ մասնավոր ֆուռերը 450-500 դրամով:

Նա նշեց, որ «Սպայկան» գրեթե ողջ ծիրանը վերցնում է՝ մեծ, փոքր, իսկ ֆուռերը վերցնում են միայն խոշորները․ «Ծիրանն արդեն վերջանում է, մեկ շաբաթ էլ գյուղում կքաղեն ու վերջ: Մեր գյուղում մարդ կա անցած տարի 20 տոննա ծիրան ուներ, այս տարի`2-3 տոննա: Այս տարի ծիրանը փոշոտում չարեց, անձրևներ էր, ու ծիրանը բերք չտվեց`սթից-մթից: Այգեպատում հիմնականը ծիրանն է»,-ասաց Աննան:

Ըստ նրա, անցած տարի այս օրերին «Սպայկան» անգամ 250 դրամով էր վերցնում ծիրանը, սակայն այս տարի 500-ից իջեցրել է 400-ի և մինչև հիմա այդքանով է տանում:

Նա նաև նշեց, որ հունիսի 26-ի քամին ու կարկուտը վնաս են հասցրել կողքի համայնքների ծիրանի այգիներին, սակայն Այգեպատին՝ ոչ, մի փոքր թափվել է, սակայն հիմնական ծիրանը մնացել է ծառերի վրա: Մնացած մանր ծիրանը, ըստ Աննայի, գյուղի բնակիչները հանձնում են ծիրանից օղի թորողներին կամ պահածոների գործարանին, բերքը չի կորչում, գյուղում անգամ վնասատուները չեն վնասել ծառերին, քանի որ այս գյուղում ծիրանը հիմնական բարիք է, մարդիկ գիտեն ինչպես ծիրան մշակեն, որ ժամանակին բերք ունենան, «ստեղ սաղ ծիրանի մասնագետ են»:

«Մեր գյուղը դարձել է Փարիզը, ամեն տեղ մեքենա է ու ծիրանի արկղեր, քայլելու տեղ չկա»,- ասաց Աննան:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից