Ռուսաստանում նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությամբ ավարտված միջադեպի մասնակիցներից Հովհաննես Հայրապետյանը ներկայացրել է մահվան ելքով ծեծկռտուքի սեփական վարկածը, այս մասին հայտնում է Ռոսբալթը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ հենց Հայրապետյանն է մահացու հարվածը հասցրել: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության: Հովհաննեսը պատմել է, որ հունիսի 1-ին մեծ շրջապատով նշել են եղբորը՝ Հրանտի ծննդյան տոնը: Այդ ժամանակ բարի հաճախորդներից երկուսը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել են իրենց վատ պահել: Տղաներն է վերջիններիս տարել են դուրս բացատրական աշխատանքներ տանելու համար: Զրույցի ժամանակ հավաքվածներին է մոտեցել ատրճանակով զինված մի տղամարդ, Հայրապետյանը կարծել է, որ վերջինս ալկոհոլի ազդեցության տակ գտնվողների ծանոթներից է:
Սկսվել է լեզվակռիվ, ինչի արդյունքում զինված քաղաքացին կրակել է օդ և գետնին: Գետնին կրակված փամփուշտն անդրադարձի արդյունքում վիրավորել է Հայրապետյանի ոտքը: Դրանից հետո կրակողին մոտեցել են վիրավորի եղբայրները, որոնց վրա կրակ է բացվել: Հայրապետյանի խոսքերով, ինքը որոշել է, որ կրակողն իրենից վտանգ է ներկայացնում իր և մյուսների համար, դրա համար գործի է դրել դանակը: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը Նիկիտա Բելյանկինն է:
Հովհաննեսը հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել ոստիկանությանը, եթե ազատ արձակվեն մյուս կալանավորվածները (բոլորը հայեր են): Սակայն նրան նման երաշխիքներ չեն տվել:
Հայրապետյանի գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ: