Հասարակություն 

Վրաստանում ցրտահարվել է բանջարաբոստանային կուլտուրաները, սակայն սահմանից այս կողմ «մտահոգվելու առիթ չկա»

Շիրակի մարզի գյուղվարչությունը որևէ ահազանգ տարածաշրջանից չի ստացել ցրտահարությունների մասով, իսկ մասնագետները նշել են, որ մտահոգվելու առիթ չկա: Այս մասին Analitik.am-ի տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի մամուլի պատասխանատու Արաքս Կիրակոսյանը:

Նշենք, որ հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերն Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան։

Փոգա ֆեյսբուքյան էջը ներկայացրել է Ջավախքի տարածաշրջանում հուլիսի 1 լույսի 2-ի գիշերվա իրավիճակը. «Վերջին օրերին, Ջավախքում, մասնավորապես, Ախալքալակի, Նինոծմինդայի գյուղերում տեղատարափ անձրևների և կարկուտի հետևանքով գրեթե վերացան բանջարաբոստանային կուլտուրաները, ցանքատարածությունները, այն գյուղերին, որոնց անձրևը կարկուտը չէր վնասել, ընդամենը մեկ գիշերում եղյամը, միաժամանակ համ սառեցնող, համ վառող ճանկերը հասցրեց և ամբողջը վերածվեց մոխրակույտի, եղյամի պատճառով ամբողջովին ցրտահարվեցին կարտոֆիլները և մնացացած այլ բանջարաբոստանային կուլտուրաները»:

Պարզվում է հարևան Վրաստանում, Աշոցքից ոչ այնքան հեռու ցրտահարվել է կարտոֆիլը և մնացած բանջարաբոստանային կուլտուրաները, սակայն սահմանից այս կողմ «մտահոգվելու առիթ չկա»:

Analitik.am-ը փորձեց կապ հաստատել Աշոցքի տարածաշրջանի համայնքների ղեկավարներից մեկ երկուսի հետ, սակայն ոչ ոք հեռախոսազանգերին չպատասխանեց:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից