Հասարակություն 

Արջը ծիրանը թողած ճագար է ուտում. Մարդ կենդանի դիմակայությունը Վայքում

Հունիսի 28-ին, ժամը 23:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 23:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի բակում արջը վնասել է 5 ճագարների:

Հունիսի 30-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 10:42-ին Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան բակում արջը վնասել է 4 ճագարի, 7 հավի ճտի, 5 բադի:

Ինչո՞ւ է վայրի արջը նման վարք դրսևորում:

Analitik.am-ի հետ զրույցում Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը նշեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ մայր արջը և երկու մեծ ձագերը հենց Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի կողմից վերջերս վայրի բնություն բաց թողնված արջերն են, որոնց բաց են թողել Նորավանքի կիրճում՝ Ջաֆարի ձոր կոչված հատվածում:

«Ջաֆարի ձորը մոտ է Մոզրով, Գնիշիկ և Արփի համայնքներին: Եվ ընդհանրապես չէր կարելի բնակավայրերին մոտիկ արջերին բաց թողնել: Արջերն անընդհատ մտնում են Արփի և մոտիկ գյուղեր և տանում են ճագարներ, հավեր. նման վարքը վայրի արջին բնորոշ չէ, անգամ գյուղի բնակիչներն են խոսում, որ «խելացի արջ է և զարմանալի պահվածք ունի»,- ասաց նա:

Ըստ Մանուկյանի, վայրի արջը սովորաբար մեծ ձագերին բաց է թողնում առանձին ապրելու, սակայն այս արջը՝ ոչ, դեռևս անցած տարվա ձագերի հետ է, որը վկայում է, որ այս արջը սովորել է մարդուն և նա կեր չգտնելով մտնում է գյուղ:

«Ջաֆարի ձորն արջերին բնորոշ տարածք է, սակայն դա չի նշանակում, որ կարող ես արջերին ամեն տարածքում բաց թողնել: Պետք է մասնագետներ աշխատեին՝ մինչև արջերին վայրի բնություն բաց թողնելը: Եթե մասնագետներ աշխատել են՝ ովքեր են նրանք, և ինչ ուսումնասիրություններ են կատարել: Եվ պետք է հրապարակեն նաև այն թույլտվությունը, թե ինչ հիմքով են այդ տարածքում արջ բաց թողել»,-ասաց նա:

Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության հիմնադրամի տնօրենը նշեց նաև, որ պետք է հաշվի առնեին արջերի քանակն այդ տարածքում, կերային բազան, սակայն որևէ գործողություն չի իրականացվել, դրա համար էլ այսօր խնդիր է առաջացել արջի հետ:

Մանուկյանը հավելեց, որ նախկինում խորհուրդ է տվել Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին արջերին շուտ բաց թողնել բնություն, քանի դեռ չեն սովորել մարդու ներկայությանը, որին պատասխանել է՝ Հիմա չէ, պիտի արջերի համար փող տան: Նա վստահ է, որ մայր արջն իր ձագերով դեռ երկար ժամանակ է այցելելու գյուղ, քանի որ գտնելով կերային բազա, հեշտ սնունդ՝ անընդհատ գալու է և չբացառեց, որ մարդու հետ էլ հանդիպի, իսկ թե ինչպիսին կլինեն հետևանքները՝ անկանխատեսելի է, թեև արդեն արջ-մարդ հանդիպման դեպքեր եղել են:

«Սխալ է արվել: Ռուբեն Խաչատրյանը չպետք է արջերին բաց թողներ այս տարածքում, դա հանցագործություն է: Ռուբեն Խաչատրյանն այս քայլով տանում է կենդանի-մարդ վատ հարաբերությունների: Իսկ ինչ կլինի, որ արջը հարձակվի մարդկանց վրա, չէ որ գրեթե ամեն օր գալիս է գյուղ, իսկ գյուղի բնակիչները պաշտպանվելու համար չի բացառվում, որ որոշ քայլերի դիմեն»,-ասաց Մանուկյանը:

Նա կարծում է, որ գյուղի բնակիչները մեղավոր չեն, այլ Ռուբեն Խաչատրյանը, քանի որ նա ոչ միայն մասնագետներին չի լսում, այլև սրել է կենդանու հանդեպ տարածքի մարդկանց վերաբերմունքը և իր անպատասխանատու քայլերով նման խնդիր ստեղծել Վայոց ձորի մարզի մի քանի գյուղերի համար:

Մանուկյանի խոսքերով, Արփի գյուղի բնակիչները գիշերային հերթապահություն են սահմանել, որ չթողնեն արջը մտնի գյուղ, սակայն մի կողմից պահպանում են գյուղի տարածքը, արջը մյուս կողմից է մտնում․ «Գյուղացիներն ասում են, որ նման բան չեն տեսել, նախկինում էլ արջ էր գալիս գյուղ, ծիրան, միրգ ուտում գնում էր, իսկ այժմ հավ ու ճագար է ուտում»,- Արփի գյուղի բնակիչների զարմանքը փոխանցեց Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության հիմնադրամի տնօրենը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից