Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ուկրաինայի իրադարձությունները և նշել է, որ եթե նման գործողությունները շարունակվեն՝ Ուկրաինան ամեն ինչ կկորցնի, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի, տեղեկացնում է Грузия online-ը։
«Վերցնելով Ղրիմը՝ յուրաքանչյուր ուկրաինացուց եկամտի 25%-ը խլեցին։ Այնտեղ կա գազ, զբոսաշրջային պոտենցիալ, որն ամբողջությամբ չէր յուրացվել։ Իրականում հիմա ձեզնից խլում են ողջ Արևելյան Ուկրաինան։ Դժվար է նայել, թե ինչպես է պատերազմից առաջ ձեր հրամանատարը հայտարարում, որ ռուսական բանակն այնքան ուժեղ է, որ դրա դեմ կռվելն անիմաստ է։ Արդեն ողջ աշխարհն է ձեզ քայլեր ձեռնարկելու կոչ անում։ Եվրոպայի ամենամեծ երկիրը մասնատում են։ Եթե այդպես շարունակվի, դուք ամեն ինչ կկորցնեք, Պուտինը կանգ չի առնի»,-ասել է Սաակաշվիլին։
Նա նշել է, որ բոլոր ժողովուրդների կյանքում լինում են պահեր, երբ վճռվում է նրա ապագան։
«Եթե ես 2008թ.-ին ռուսական բանակին դիմադրություն ցույց տալու հրաման չտայի, մենք այժմ չէինք ունենա ո՛չ մայրաքաղաք, ո՛չ պետականություն։ Մեր բանակը տասն անգամ փոքր է Ուկրաինայի բանակից, բայց ես որոշեցի դիմադրություն ցույց տալ։ Ես տանել չեմ կարողանում պատերազմը, սակայն մենք փրկեցինք Վրաստանի պետականությունը»,-ասել է նա։
Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե իշխանությունները չեն կարողանում գործել, ապա պետք է ժողովրդին գործելու հնարավորություն տան։
«Ես շատ ընկերներ ունեմ Արևելյան Ուկրաինայում, և նրանց մեծ մասը հայրենասեր ուկրաինացիներ են։ Այդ մարդկանց երկիրը պաշտպանելու հնարավորություն տվեք, քանի որ Դոնեցկում 20 մարդ գրոհով պետական շենքեր է գրավել։ Դա ամոթալի է։ Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ 20 մարդ կարողանա պետության համար կարևոր շինություն գրավել»,- ասել է նա։