Քաղաքական 

Դավիթ Հարությունյանը՝ դատարաններն արգելափակելու և Վահե Գրիգորյանի «անհեթեթ» գնահատականի մասին

Այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, խոսելով դատարաններն արգելափակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այստեղ կա սահմանադրական կարգի տապալում, ասաց, որ հիմա դիսկուսիայի մեջ չի մտնի այդ հարցում, քանի որ դա ավելի նուրբ իրավական կատեգորիա է. «Այն, որ դա քաղաքական առումով անթույլատրելի քայլ էր, դա միանշանակ է: Սա ճնշում էր դատարանների վրա: Հուսամ, որ նմանատիպ երևույթներ մեզանում այլևս չեն լինի, քանի որ դրանք անդառնալի հետք են թողնում մեր երկրի վրա: Սա կարծես թե մի նոր վտանգավոր քայլ ենք անում, իսկ ցանկացած վտանգավոր քայլի վտանգը հենց այն է, որ կարող է գտնվել որևէ մեկը, ով դրա վրա կարող է ավելացնել նորը: Երբ սկսում են պլանկան իջեցնել, հնարավորություն կա, որ այն ավելի կիջնի»:

Հարությունյանը ցավում է, որ որևէ մեկը չեղավ Փաշինյանի շրջապատից, ով կհորդորեր վերջինիս ետ մնալ այդ քայլից:

Ինչ վերաբերում է դատավորներին նախկին իշխանությունների զանգերի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Հարությունյանը նշեց, որ այն վարչապետի հերթական քաղաքական հնարքն է՝ քողարկելու համար ենթադրենք դատարաններն արգելափակելու սխալ քայլը. «Վստահ եմ, որ որևէ մեկը չի զանգում դատավորներին: Ինքնին դա քննարկման թեմա չէ»:

Հարությունյանի խոսքերով, այսօր սահմանադրական որևէ ճգնաժամ չկա. «Անգամ եթե ես հիմա հայտարարեմ, որ երկրագունդը տափակ է, դրանից ճգնաժամ չի առաջանա: ՍԴ դատավոր Գրիգորյանի կողմից հայտարարածը ոչ միայն ճգնաժամ չի առաջացնում, այլ նաև չի վկայում առկա ճգնաժամի մասին: Այն, որ Վահե Գրիգորյանը համարում է, որ կա ճգնաժամ, դա խոսում է այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորել է յուրաքանչյուրին ազատ կարծիք ունենալու իրավունք»:

Եթե նախկին նախարարը լիներ կառավարության կազմում, կամ իրավասու մարմին լիներ Գրիգորյանի նամակին պատասխանելու համար, ոչինչ չէր անի, քանի որ, նրա խոսքերով, անհեթեթության վրա ժամանակ ծախսել պետք չէ․ «Ես կիրթ կգտնվեի, ու կասեի, որ բացարձակ չեմ կիսում այդ մոտեցումը»:

Հարությունյանի խոսքերով, Վահե Գրիգորյանի գնահատականն անհեթեթ է ու պետք չէ իրեն դրա հետ կապված հարցեր տալ։

Նույն շարքից