Հասարակություն 

Խնդիր են սարքել ու գցել պետության գրպանը. «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն

«Հրապարակ» թերթի հարցազրույցը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ.

-Պարոն Ալոյան, ի՞նչ եղավ միջազգային փորձաքննության արդյունքը, որը պետք է որոշեր Ամուլսարի ճակատագիրը:

-Նախ, ուզում եմ հստակեցնել: Մի իլյուզիա է ստեղծվել, որ անցյալ տարի սկսված և մինչ այսօր շարունակվող ապօրինությունը պետք է լուծվի «միջազգային» փորձաքննությամբ: Ուզում եմ տարանջատել այս երկու խնդիները: Ամուլսարն ունի օրինական բոլոր թույլտվությունները և ծրագրի ու մեծ հաշվով նաև երկրի հեղինակության ու տնտեսության ճակատագիրը, նման շրջադարձի դեպքում, որոշվելու է բոլորովին այլ ատյաններում: Այդ ատյաններում դեր է խաղալու միայն մեկ հարց՝ ապօրինի փակ ճանապարհները, Լիդիանի խտրական թիրախավորումը, ընկերության կրած ահռելի վնասներն ու պետության անգործությունը՝ արդեն մեկ տարի տիրող ապրօինության հանդեպ:

-Ի՞նչ նկատի ունեք անգործություն ասելով

-Այն, որ օրինական թույլտվություններ ունեցող ընկերության ճանապարհները ապօրինի փակ են: Այն, որ դատարանը որոշում է կայացնում ներխուժումը վերացնելու մասին, և այդ որոշումը արհամարհվում է: Այն որ այդ տարածաշրջանում ամենաթողության, ապրօինության մթնոլորտ է: Մտահոգիչ պարբերականությամբ մեզ լուրեր են հասնում, որ Ջերմուկում ծեծկռտուք է եղել, բախումներ: Դուք այդ մասին չեք տեղեկացվում, որովհետև դեպքերը, մեր համոզմամբ, կոծկվում են: Այն որ Ընկերությունը դիմում է համապատասխան նախարարություններին այս կամ այն խնդիրը լուծելու, փաստաթուղթը տրամադրելու հարցով, ու օրենքով նախատեսված գործառույթները չեն իրականացվում:

-Այդուհանդերձ կառավարությունը խոստացել էր մինչև մայիսի վերջ որոշում կայացնել՝ հենվելով փորձաքննության արդյունքների վրա: Բացատրությունը՝ բնապահպանական մտահոգություններն էին, որ պետք է փարատեր, կամ հաստատեր այդ փորձաքննությունը:

-Կրկնեմ՝ ապօրինի փակ ճանապարհները ոչ մի փորձաքննությամբ արդարացվել չեն կարող: Ու այս հարցում նույնիսկ երկրորդական է, որ ոչ մի պրոֆեսիոնալ փորձաքննություն չէր կարող մեր նախագծում որևէ լուրջ խնդիր գտնել:

-Այդ դեպքում ինչո՞ւ չեն հրապարակում արդյունքները:

-Նախ՝ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել Լիդիանի հետ վերջին մեկ տարում: Մի խումբ մարդկանց կողմից ապօրինի փակվում են ճանապարհները, կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում, և սկսում է ստուգումների շարք: Գտնում են թիթեռ, ծաղիկ, հետո պարզվում է, որ թիթեռ ու ծաղիկ չկա: Հետո հայտատարվում է, որ քանի որ տեղի ուժերով գնահատել չենք կարող, հիմա էլ միջազգային փորձաքննություն ենք անելու: Հիշեցնեմ, խոսքը Լիդիանի մասին է, որի բնապահպանական հետազոտությունը ավելի ծավալուն է քան բոլոր մնացած հանքերինը՝ միասին վերցրած: Խոսքը Ամուլսարի մասին է, որը մի քանի անգամ անցել է միջազգային ներդրողների ամենախիստ փորձաքննությունները: Բայց դա պարզվում է բավարար չէ: Պարզվում է Բնապահպանության նախարարը, ինչպես ասաց Վարչապետը, ասել է, որ չի կարող երաշխավորել Ամուլսարի բնապահպանական հետազոտությունները: Ուրեմն մնացած բոլորինը կարո՞ղ է՝ իսկ միջազգային վերահսկողության տակ գտնվող Ամուլսարինը՝ չի՞ կարող: Թերևս այսքանից հետո նախարարությանը հեշտ չէ ընդունել, որ 400 հազարի ծախս են գոյացրել երկրի համար, որովհետև համարձակություն չեն ունեցել ասելու, որ Լիդիանի Շրջակա միջավայրի գնահատականը լավագույնն է:

-Ուզում եք ասել, Ձեզ միտումնավո՞ր են հետապնդում

-Իսկ Ձեզ մոտ ա՞յլ տպավորություն է ստեղծվում: Այն ինչ տեղի է ունենում այսօր Լիդիանի հետ հենց այդպիսի տպավորություն է թողնում, որ արդեն մեկ տարի երկրի խոշորագույն միջազգային ներդրողին միտումնավոր տանում են սնանկացման ու ոչնչացման:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից