Այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից հետո Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Սևանա լճի ջրի կանաչելու մասին, հայտարարեց, որ այն մի քանի գործոնների հետևանք է. «Այն հնարավոր է վերացնել, բայց այստեղ կան նաև ոչ մարդկային գործոններ: Մարդկային գործոնը սնուցող նյութերը, կեղտաջրերն են, այսինքն՝ ֆոսֆորի, ազոտի լրացուցիչ քանակությունը»:
Նախարարի խոսքերով, կան մի շարք խնդիրներ, կարվեն ավելի լայնածավալ ուսումնասիրություններ, կհայտնաբերվեն աղբյուրները և գործողությունները կիրականացվեն արդեն հիմնված գիտական ուսումնասիրությունների վրա:
Նախարարն առանձին անդրադարձավ նաև Սևանում ցանցավանդակային տնտեսություններին՝ հայտարարելով, որ դրանք փակ ջրային տարածքների համար նպատակահարմար չեն և եթե պարզվի, որ դրանց արդյունքում ֆոսֆորի քանակն ավելանում է, որոշում կկայացվի հանել դրանք:
Անդրադառնալով կոյուղաջրերին՝ Գրիգորյանն ասաց, որ Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերը, կոյուղաջրերը լցվում են Սևան. «Նույնիսկ երեք մաքրման կայանները, որոնք կան, մեխանիկական մաքրման աշխատանքներ են իրականացնում, որակական փոփոխություններ չկան, որպեսզի ավելի բարձր որակի ջուր գնա Սևան»:
Թե որքանով է կանաչած ջուրը վտանգավոր մարդու առողջության համար, նախարարն ասաց, որ Առողջապահության նախարարությունը պետք է պատասխանի այդ հարցին. «Ես կարող եմ ասել, որ ֆոսֆորը նվազում են: Առաջիկա 7-10 օրվա ընթացքում, մասնագետների գնահատականներով, կանաչ գույնը կանհետանա: Բայց, պետք է հաշվի առնել նաև գլոբալ տաքացումը, որը ևս իր ազդեցությունն ունի»: