Հուլիսի 4-ին Ստամբուլում կայացել է Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի հետաձգված ընտրությունը: Ermenihaber.am-ը Ստամբուլից պարզել է, որ 13 քվեի առավելությամբ տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Տեղապահի թեկնածուներ էին առաջադրվել Կ. Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը:
Առավոտյան պատրիարքարան են մուտք գործել միաբանության անդամները և ժողովի վայրում քվեարկել իրենց նախընտրած թեկնածի օգտին։
Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է այն առումով, որ ընտրված տեղապահն է կազմակերպելու Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը: Այն, ըստ կրոնական կանոնադրության, պետք է կազմակերպվի տեղապահի ընտրությունից հետո 6 ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո պատրիարքական աթոռն ըստ էության ավելի քան 10 տարի թափուր էր:
Աղբյուր` Ermenihaber.am