Ապրիլի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը։
Խաչքարի տեղադրումը նախաձեռնել է Վիրահայոց թեմը՝ պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ: Այն առաջինն է Թբիլիսիում: Խաչքարը պատրաստվել է Հայաստանում և այն հին Ջուղայում ադրբեջանցի զինվորների կողմից ոչնչացված հազարավոր խաչքարներից մեկի նմանօրինակն է (վարպետ՝ Վարազդատ Համբարձումյան):
Խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Աջարիայում, Գուրիայում և Իմերեթիայում գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և այլք։
Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան արարողություն, ապա՝ խաչքարի օծման սրբազան կարգ:
Արարողությանը խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ,Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու արքեպիսկոպոս Մալխազ Սոնղուլաշվիլին, մտավորականներ Գիվի Շահնազարը և Անահիտ Բոստանջյանը,պահեստի գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, պետերբուրգաբնակ Յուրի Կլյոնովը: Վերջում ելույթ է ունեցել միջոցառման բարերար Հրաչյա Պողոսյանը:
Նորաօծ խաչքարի պատվանդանին ծաղկեպսակներ են դրվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Վրաստանում ՀՀ դեսպանության, բարերար Պողոսյան ընտանիքի, Պետերբուրգի հայության կողմից: Եկեղեցու բակում և մերձակա տարածքում հավաքված հանրությունը ծաղիկներով զարդարել է Հայոց խաչքարի պատվանդանը:
Միջոցառումը շարունակվել է Թբիլիսիի «Քորթիարդ-Մարիոտ» հյուրանոցի դահլիճում, որտեղ Երևանի «Զանգակներ» համույթի մասնակցությամբ, գեղարվեստական ղեկավար Շահեն Քեշիշյանի գլխավորությամբ, տրվել է դասական երաժշտության համերգ՝ աջակցությամբ ՀՀ Սփյուռքի նախարարության:
Մեկ անգամ կրկին հարգելով միլիոնուկես անմեղ զոհերի խնկելի հիշատակը, Վիրահայոց թեմը, թբիլիսահայությունը իր երախտագիտությունն է բերել Հրաչյա Պողոսյանին նրա ազգային մեծ նվիրումի համար: Խաչքարի բացման արարողությունը լուսաբանվել է վրացական բոլոր լրատվամիջոցներով: