Հայաստան Քաղաքական 

Դատական համակարգի վրա առաջին գրոհը եղել է Հանրապետության հրապարակում. Գևորգ Պետրոսյան

Եթե կոնկրետ դեպքեր կան, պետք է գնալ դրանց հետևից, ոչ թե մեկ-երկու դատավորի պատճառով պարալիզացնել ամբողջ դատական համակարգը: Այսօր՝ հուլիսի 4-ին, «ՀՀ Սահմանադրություն. կարմիր եւ կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողով ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ իր կողմից արված հայտարարությունները պետք չէ ընդունել որպես ԲՀԿ-ի տեսակետը, ինքը հնչեցնում է իր անձնական կարծիքը:

«Հավանաբար իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց համոզել են, որ հեղափոխությունն այն է, որ ամբողջ պետական համակարգը պետք է քեզանով անես: Օրենսդիր իշխանությունն իրենցն է, նույնը վերաբերում է գործադիր իշխանությանը, որը միայնակ են ստանձնել: Հիմա իրենց կարծիքով, հեղափոխությունը կսպառվի, եթե դատական համակարգն էլ իրենց հետ քայլածներով համալրվեն: Բայց, եթե մենք խոսում ենք անկախ դատական համակարգի մասին, քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունը չպետք է անդրադառնա դատական համակարգի վրա: Դատավորը միակ պաշտոնյան է, որը դատավճիռ է կայացնում հանուն ՀՀ-ի: Եթե այդպես է, թող գրեն ոչ թե հանուն ՀՀ-ի, այլ՝ հանուն այսինչ իշխանության: Պետք է վեր կանգնել դրանից»,-ասաց պատգամավորը՝ հավելելով՝ եթե քաղաքական դաշտում ամեն փոփոխությունից հետո զանկություն լինի տեսնել սեփական դատավորներին, կնշանակի, որ մեր վերջը եկել է:

Պետրոսյանը հայտարարեց, որ դատական համակարգի վրա առաջին գրոհը եղել է Հանրապետության հրապարակում, երբ Փաշինյանը հայտարարեց, թե որ դատավորը կարող է իր ասածը չանել. «Կամ դատարանների դռներ արգելափակելը: Այսպե՞ս եք անկախ դատարանը տեսնում: Պետք չէ դատավորներին հակահեղափոխական-հեղափոխական որակել: Պետք է նայել ինչպես է նա աշխատում՝ օրենով, թե ոչ»:

Նույն շարքից