Եթե այսօրվա իշխանությունը պետք է կրկնի նախորդի սխալները, ուրեն մենք հեղափոխություն չենք ունեցել, մենք ունեցել ենք իշխանների և իշխանիկների փոփոխություն: Եթե մեր բարքերը, ապրելակերպը չեն փոխվել, մեր մտածողությունը մնացել է նույնը, որ նա իմ փեսան է, բերեմ խցկեմ այսինչ հիմնարկում, որ կարողանա ապահովել իր և իր սերունդների ապագան, ուրեմն մենք հեղափոխություն չենք ունեցել: «ՀՀ Սահմանադրություն. կարմիր եւ կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը, ներկայացնելով իր անձնական կարծիքը, նշեց, որ չի ուզում վատատես լինել և ասել, որ հեղափոխություն չի եղել. «Դեռ ուզում եմ հավատալ, որ ունեցել ենք, բայց հավատը պետք է ողջամիտ լինի, հիմք ունենա: Այսօրվա մեր գլխավոր խնդիրը դատական համակարգը չէ: Մենք այսօր ունենք ժողովրդագրական ծանր իրավիճակ, սոցիալական շատ վատ իրականություն, չունենք տնտեսական զարգացում, ներդրումներ, ինքնասպանությունները դարձել են անձրևի նման շատ:
Պետք է հասկանալ, թե ինչ այլընտրանք կա, ինչով ենք փոխարինելու այսօր գոյություն ունեցողը: Եթե դատական համակարգում ծվարելու են այնպիսի մարդիկ, ինչպիսիք օրենսդիրում և գործադիրում, որոնց մի մասը վկայականը կորցնելու դեպքում չի էլ հիշի, թե ինչ է աշխատում, ուրեմն մենք էլ պետք է արտագաղթենք: Չունենաով երաշխավորված այլընտրանք չի կարելի եղածը քանդել, չի կարելի մի քանի բախտախնդիր դատավորի պատճառով ամբողջ դատական համակարգ լուծարել»:
«Որևէ հիմնարկ սրբերի հավաքատեղի չէ, կան մարդիկ, որոնցից ժամ առաջ պետք է ազատվել, բայց չի կարելի թացը չորի հետ այրել չի կարելի, դա պետականաքանդ մոտեցում է: Անկախ դատական համակարգ ունենալու համար ցանկություն պետք է ունենալ, եթե չես ցանկանում, ինչ օրենք էլ ընդունես, չես ունենա: Պետական կամք պետք է լինի»,-ասաց նա:
Պետրոսյանի խոսքերով, հեղափոխություններից հետո կյանքի կանխատեսելիությունը բարձրանում է, սակայն այսօր այն ոչ միայն չի բարձրացրել, այլ նաև ավելի է նվազել. «Մենք չգիտենք, թե ինչ է լինելու մեկ տարի հետո: Պետք է սրա մասին մտածել, ոչ թե այսինչ դատավորին տանենք թոշակի, տեղը բերենք մի մարդ, ով իր մտածողության օրգանը երբեք որևէ լուրջ ինֆորմացիայով չի ծանրաբեռնել»: