Այսօր՝ հուլիսի 4-ին «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լյուֆթենհանդը, որը 1993-94 թվականներին մասնակցել է Սահմանադրության ստեղծմանը, ասաց, որ Հայաստանի Հանրապետպության և Սահմանադրության ճանապարհը 95 թվականից մինչև այսօր շատ տպավորիչ է. «Դա հասկանալու համար պարզապես պետք է նայել Ադրբեջանին, ինչպես նաև Ռուսաստանի Սահմանադրությանը: Խոսքն այսօր այն մասին է՝ արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանն ամբողջովին լեգիտիմ է։ Դրա պատճառն այն է, որ նախկին փաստաբան, այսօր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, թե նախկինում ընտրված ՍԴ անդամները դատավորներ չեն»:
Պրոֆեսոր Օտտո Լյուֆթենհանդն ասաց, որ այդ պնդման համար հիմք է հանդիսացել 213-րդ հոդվածը. «Այդ հոդվածը գտնվում է 16-րդ գլխում և դրանք Սահմանադրության եզրափակիչ ու անցումային դրույթներն են: 213-րդ հոդվածը բախկացած է 2 նախադասությունից, առաջինն այն է, որ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելով ՍԴ նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Երկրորդ նախադասությունն էլ հետևյալն է՝ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը»:
Պրոֆեսորի խոսքերով, Վահե Գրիգորյանն ընտրվել է ՍԴ դատավոր 213-րդ հոդվածի երկրորդ նախադասության համաձայն։
Անդրադառնալով անցումային դրույթներին՝ պրոֆեսորն ասաց, որ չնայած այն փոփոխություններին, որոնք կարող են կատարվել Սահմանադրությունում, անցումային դրույթները պետք է ապահովեն դրա միասնականությունը և ներսում հակասություններից զերծ լինելը. «Սահմանադրության մեկնաբանման համար հիմնական նախադրյալը հետևյալն է՝ պետք է ընկալենք, որ սա միասնական փաստաթուղթ է։ Եթե սահմանադրության տեքստը լի է հակասություններով, ապա դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա և կորցնում է իր ամբողջ իմաստը»:
Օֆելի Իսրայելյան