Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Վիկտոր Նադեին-Ռաևսկին հույս ունի, որ Թուրքիան կհավաքի խիզախությունը և կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Այս մասին նա ասաց այսօր՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ։
Վիկտոր Նադեին-Ռաևսկին միաժամանակ նշեց, թե գիտակցում է, որ Թուրքիայի համար դժվար է Հայոց ցեղասպանության ոճրագործությունը ճանաչելը, սակայն դա պետք է անի, ինչպես և Գերմանիան ճանաչեց Հոլոքոստը։
Ռուս գիտաշխատողը, ներկայացնելով «Կովկասում պանթուրքիստական գործակալական ցանցի գործունեությունը Առաջին աշխարհամարտի տարիներին» զեկույցը, նշեց, թե հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունը կատարվել է օսմանյան թուրքերի իշխանության գիտակցությամբ ու գլխավորությամբ։
Հիմա, ըստ նրա, Թուրքիան պետք է ճանաչի ու քննադատի իր նախնիների կատարած ոճիրը: «Դա Թուրքիայի ապագան է, դա ցույց կտա Թուրքիայի դերն ու տեղը աշխարհում, դա նաև հայ-թուրքական հարաբերությունների ապագան է»,- նշեց Նադեին-Ռաևսկին, ով ընդգծեց, թե Եղեռնի իրագործումը ու դրա անպատժելիությունը հիմք է դարձել ֆաշիզմի ծննդին:
Նադեին-Ռաևսկու խոսքով՝ թուրք պատմաբանները չեն կարողանում կամ չեն ցանկանում հստակ տվյալներ բերել, թե մինչև 1915-ը քանի հայ էր ապրում այնտեղ։
«Նշվում է միայն, որ հայերի թիվը քիչ է, սակայն արտասահմանյան պատմաբանները հստակ են նշում, որ այդ ժամանակ հայերի թիվը Թուրքիայում 1.5-3 միլիոնի էր հասնում»,- ասաց նա և նշեց, որ հիմա Թուրքիայում փոքր-ինչ փոխվել է ժխտողական քաղաքականությունը և որոշ գիտնականներ բացահայտ խոսում են այս ոճրագործության մասին:
«Սակայն այդ գործընթացը բավական դանդաղ է ընթանում, քանի որ տարբեր սերունդները դաստիարակվել են հայերի նկատմամբ ունեցած ատելությամբ»,-ասաց նա: