Առողջապահություն Հասարակություն 

Ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով բժիշկներ են գործուղվել մարզեր

Բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, մարդկային ներուժի պատշաճ պլանավորումը, շարունակական մասնագիտական կրթական զարգացման գործընթացի կազմակերպումն առողջապահական համակարգի առանցքային խնդիրներից են, որոնք ուղղակի ազդեցություն ունեն բուժօգնության որակի և բնակչության կյանքի տևողության վրա:

Առողջապահության կադրային ներուժն առողջապահական ծառայությունների մատուցման, բուժօգնության որակի և կառավարման հիմքն է: Չնայած պետական ու ոչ պետական բարձրագույն և միջին կրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը տարեցտարի աճում է, միևնույն ժամանակ մարզային բժշկական կազմակերպություններում բավականին մեծ է նեղ մասնագետների պահանջարկը:

Հայաստանի բնակչության ապահովվածությունը բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկներով խիստ անհավասարաչափ է Երևանում և մարզերում: Մարզերի միջև նույնպես կա բժիշկների բաշխման անհամաչափություն:

Մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպություններում նեղ մասնագետների` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր​ վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և​ քիթ-կոկորդ-ականջաբան (վիրահատող) և այլ,  պահանջարկը (հիմնավորման դեպքում) բավարարելու նպատակով առողջապահության նախարարությունը նախաձեռնել է կադրային ​հրատապ​ պահանջարկն ապահովելու գործընթաց` ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով: Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 18-ի թիվ 942–Ա հրամանով հաստատվել են Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններ ավագ բուժաշխատողների ժամանակավոր ուղեգրման, ուղեգրված ավագ բուժաշխատողների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները, նրանց հետ կնքվող պայմանագրի և ուղեգրի ձևերը: Միաժամանակ, մարզպետարանների հետ համատեղ կազմվել է բժշկական կազմակերպություններին անհրաժեշտ մասնագետների հրատապ պահանջարկը: Զուգահեռ հանդիպումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բժշկական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների հետ: Այսպիսով` հունիսին ժամանակավոր ​ուղեգրման​ միջոցով ՀՀ մարզեր են գործուղվել 7 բժիշկ. «Էրեբունի» բժշկական կենտրոնից (ԲԿ) բժիշկ-վիրաբույժ` Նոյեմբերյանի ԲԿ, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Վաղարշապատի հիվանդանոց, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Սիսիանի ԲԿ, Վերարտադրողականության առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգայի հանրապեատական  ինստիտուտից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, «Բեգլարյան» ԲԿ-ից  մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, «Էլեն-Նարե» ծննդատնից անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ` Եղեգնաձորի ԲԿ, ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնից հոգեբույժ` Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:

Նշենք, որ մարզային բժշկական կազմակերպություններ ուղեգրված բժիշկների համար ստեղծում են հնարավորինս բարենպաստ պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով:

Առաջիկայում նախատեսվում է ուղեգրել ևս 3 բժշկի. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Նոյեմբերյանի ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, Վերարտադրողականության առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգայի հանրապետական  ինստիտուտից մանկաբարձ-գինեկոլոգ` Սիսիանի կամ Արթիկի ԲԿ:

Այսպիսով` բժշկական կազմակերպությունների​ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր​ վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և​ քիթ-կոկորդ- ականջաբան (վիրահատող) մասնագետներին​ կրկին առաջարկում​ ենք ​մասնակցել​ ծրագրին: Ուղեգրվող​ մասնագետին​ կտրամադրվի​ փոխհատուցում` միջին ​ամսական​ աշխատավարձի​ չափով, ինչպես​ նաև​ ուղեգրվող​ բուժաշխատողը​ մարզային​ բժշկական​ կազմակերպությունից կստանա աշխատավարձ, օրապահիկ, գիշերավարձ և ճանապարհածախսի փոխհատուցում:

Ցանկացողները​ կարող են​ դիմել​ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (211 սենյակ), հեռ. 060-80-80-03 /1505/, էլեկտրոնային հասցե` [email protected]

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից