Քաղաքական 

Օբաման կասի Ցեղասպանություն՝ բարի, չի ասի՝ էլի բարի. «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ

«ԱՍԱԼԱ»-ի նախկին անդամ, Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը գտնում է, որ Ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցում պետք չէ կախված լինել այլ պետությունների դիրքորոշումներից:

«Օբաման կասի Ցեղասպանություն՝ բարի, չի ասի՝ էլի բարի, մենք դրանից կախված չպետք է լինենք, մենք այս տարածաշրջանում պետք է կարողանանք մեր հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, սակայն՝ առանց որևէ սկզբունքային և հիմնական զիջումներ անելու մեր պատմական իրավունքների և ապագայի անվտանգության առումով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Վերջինիս խոսքով՝ մնացած ամեն ինչից հնարավոր է և պետք է օգտվել միջազգային հարաբերություններում, սակայն դրանք ռազմավարություն դարձնելն ավելի քան ծիծաղելի է: «Մեր ուզածը բնավ ո՛չ Ամերիկայի, ո՛չ Եվրոպայի, ո՛չ մեկ ուրիշի՝ «Ցեղասպանություն» բառն օգտագործելը չէ, հսկայական տարբերություն կա Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչման և մեղանչումի և այս պետությունների կողմից ընդունման միջև: Թուրքիայի կողմից դա անհրաժեշտ է, բայց ես գտնում եմ նաև, որ հերիք է՝ մենք մեր խնդիրը դարձնենք օտար պետությունների կողմից Ցեղասպանության ճանաչումը կամ բառի օգտագործումը՝ լավ իմանալով, որ նրանց կողմից ինչպես անցյալում, այնպես էլ՝ հիմա Հայկական հարցի օգտագործումը եղել է բառի բուն իմաստով՝ հարցի շահագործում իրենց կողմից, որը մեզ միայն վնաս է պատճառել»,-ասաց նա:

 

Հայ-թուրքական արձանագրությունների մասով Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ ոչ մի կասկած չկա՝ դրանք ո´չ մի իմաստով արդարացված չէին և բացի վնասներից՝ այլ բան չբերեցին և՛ Հայաստանին, և՛ հայ ժողովրդին:

«Այնտեղ կա սկզբունքային մի կեցվածք, այն է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է մեկնարկեն Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումով և ընդունումով. սա միաժամանակ և՛ պատմական ճշմարտության գրանցում է, և՛եթե Հայաստանը՝ որպես պետություն, մինիմալ վստահությունը պետք է ունենա Թուրքիայի նկատմամաբ, Թուրքիան այդ փաստի ընդունումով և մեղանչումով միայն կարող է հայ ժողովրդին երաշխիք տալ, որ նման բան չի կրկնվի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ քանի դեռ Թուրքիան նման քայլի չի դիմել, նշանակում է, որ շարունակում է «գոյության վտանգ սպառնալ հայ ժողովրդին»:

 

Ըստ մեր զրուցակցի՝ այդտեղ և՛ պատմական ճշմարտությունն ընդունելու խնդիր կա, և՛ հայ ժողովրդի վստահությանը հասնելու, հետևաբար՝ եթե ճանաչումը տեղի չի ունեցել, Հայաստանն իրավունք չունի Թուրքիայի հետ բանակցության սեղանի շուրջ նստել. «Ես բացարձակապես չեմ ասում, որ հայը թուրքի հետ չի կարող բանակցության նստել, սակայն այդ հարաբերությունները մեր ունեցած փորձառության հենքի վրա չեն կարող առանց նախապայմանների լինել Թուրքիայի հետ»:

 

Արձանագրություններում Ցեղասպանության շուրջ պատմաբանների քննարկումն ամբողջովին անընդունելի կետ է, որը, ինչպես Ալեք Ենիգոմշյանը մեկնաբանեց, հարցականի տակ է դնում Ցեղասպանության՝ տեղի ունեցած լինելու փաստը. «Դա անընդունելի է և ապտակ է մեր ձեռքով մեզ»:

Վերջում Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց ապրիլի 24-ին իր և իր ընկերների գործողությունները. «Բնականաբար, ինքն իրեն հարգող ամեն հայ մարդու նման՝ ես և իմ ընկերները լինելու ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Վերջին մի քանի տարիներին մենք մի փոքր խորհրդանշական միջոցառում ենք անում՝ ամեն ապրիլի 24-ի երեկոյան հավաքվում ենք Կոմիտասի հուշարձանի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգում Ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Նույն շարքից