Քաղաքական 

Ֆրանսիայի Նախագահը կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 24-ին Փարիզի Կանադայի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտ։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հաստատել է այս տեղեկությունը, գրում է Nouvelles d'Arménie-ն:

 

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, որն ի դեմս հանրապետության նախագահի՝ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության 1 500 000 զոհերի հիշատակին։

«Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գնահատենք ըստ արժանվույն՝ նկատի ունենալով Ֆրանսիայի հեղինակությունը և միջազգային մակարդակում նրա ունեցած դերը», - ասված է հաղորդագրությունում:

 

Ըստ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ Ֆրանսուա Օլանդի ներկայությունը հաստատում է իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ հարգանքը։

 

Հայաստան պետական այցի նախօրեին, Սիրիայում Քեսաբ ավանի էթնիկ զտումների և թուրքական կառավարության ժխտողական քաղաքականության համատեքստում Ֆրանսիայի նախագահի խոսքը հատկապես սպասված է Ֆրանսիայի քաղաքացիների կողմից, ինչպես նաև՝ երկրից դուրս, նշվում է հաղորդագրությունում։

Նույն շարքից