Քաղաքական 

Սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ն համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի հետ

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմնի երեկ տեղի ունեցած անդրանիկ նիստից հետո Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեցին, որ նիստի ժամանակ ՀՅԴ-ի քաղաքական գիծը վերահաստատվել է, և դա է նաև պատճառը, որ ԳՄ 11 անդամներից 8-ը նորից վերընտրվել են:

Լրագրողների հարցերից առաջ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ընթերցեց ԳՄ-ի նոր կազմի մասին ՀՅԴ ԳՄ հայտարարությունը, ուր անդրադարձ է եղել նաև երկրի վիճակին և ՀՅԴ հետագա քաղաքականությանը: Հետո նաև անդրադարձավ ԳՄ նախկին երկու անդամների չվերընտրվելու հանգամանքին. «Մեր երկու ընկերները չեն ընտրվել իրենց ցանկությամբ։ Արսեն Համբարձումյանը և Սպարտակ Սեյրանյանը մեր ամենափորձառու ընկերներն են, դա նրանց անձնական որոշումն է եղել, և առաջիկայում դուք նրանց կտեսնեք տարբեր աշխատանքների մեջ»:

Իշխանության հետ կոալիցիա կազմելու մասին Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց համար ինքնանպատակ կառավարություն մտնելու խնդիր չկա. «Դրա համար այս պահին ասում ենք, որ մնում ենք ընդդիմադիր դաշտում, շարունակում ենք 7 կետերը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատել, բայց մեր հարաբերությունը Կառավարության հետ շարունակվելու է պայմանավորվել 7 կետերի ընդունման աստիճանով»:

Անդրադառնալով Կառավարության կազմում կադրային փոփոխություններին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք պետք է համոզված լինեն, որ մարդկանց փոփոխությունից հետո համակարգում տեղի կունենան էական փոփոխություններ: «Բայց մեր խորին համոզմամբ՝ ամբողջական իշխանափոխության դեպքում է, որ ժողովուրդը կգա իշխանության: Եթե չկա այդպիսի երաշխիք, մենք համարում ենք, որ դա ինքնանպատակ քայլ է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ զուտ մարտավարական առումով հասկանում են, որ միայն դեմ արտահայտվելով ռեսուրս չեն ավելացնում, գիտեն նաև, որ իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք ի վիճակի են փոփոխություններ անել:

Ի հավելումն նրա խոսքի՝ Աղվան Վարդանյանը շեշտեց, որ դրա համար իրենց 7 կետերի փաթեթը ենթադրում է համակարգային փոփոխություններ և տնտեսական փոփոխություններ:

Նա նաև անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանադրական բարեփոխումների մասին այսօր հնչեցրած կարծիքին. «Սա մեզ չի վերաբերվում, քանի որ մենք ի սկզբանե գտնում ենք, որ գործող համակարգը չի նպաստում երկրի զարգացմանը»:

Վերջինս նաև տարօրինակ համարեց, որ ԲՀԿ-ն 2012թ.-ին հայտարարում էր, որ կողմ է խորհրդարանական համակարգին, իսկ այսօր ասում է, որ նման բարեփոխումներ պետք չեն: «Մենք քառյակում ունենում ենք բաց, անկեղծ քննարկումներ։ Եվ ենթադրություններ անել, որ ԲՀԿ-ն այդ բարեփոխումների արդյունքում ուզում է իշխանության գալ, պետք չէ»,- ասաց նա:

Մեկնաբանելով կարծիքները, թե ՀՅԴ-ն դաշտ է բացում Ռոբերտ Քոչարյանի համար, Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք որևէ մեկի համար դաշտ ապահովելու խնդիր չունենք, ՀՅԴ-ն գործում է իր սկզբունքներով: Այո՛, սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետների մեջ կա տարբերություն»:

Հարց հնչեց նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ նոր և նախկին կառավարությունների իրարամերժ դիրքորոշման մասին: «Կառավարությունը չի կարող որևէ ծրագիր իրականացնել, որին հասարակությունը դեմ է, և Հովիկ Աբրահամյանը դա գիտակցելով՝ այդ քննարկումների պրոցեսը սկսել է, ինչի ընթացքում իսկապես մենք տեսանք փոփոխություն իրականացնելու պատրաստակամություն, և մենք կփորձենք գտնել կոմպրոմիսային լուծումներ»:

Նույն հարցի շուրջ Աղվան Վարդանյանն էլ ավելացրեց, որ դա անձնական հարց չէ, կա ՍԴ-ի վճիռ, որը չի կարող շրջանցել որևէ պաշտոնյա:

Նույն շարքից