ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն այսօր չի մասնակցել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավիրած քննարկմանը, քանի որ այնտեղ որևէ նոր ասելիք ու անելիք չունիը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 6 խմբակցություններին հրավիրել էր քննարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցը։
«Պարտադիր կուտակայինի հետ կապված մեր դիրքորոշումը հենց սկզբից եղել է շատ հստակ ու կոնկրետ, և մենք դա արտահայտել ենք և՛ խորհրդարանում լսումների ժամանակ, և՛ հանձնաժողով ստեղծելու առաջարկի ժամանակ, և՛ նույն հիմքով մենք խմբակցության բոլոր անդամներով ստորագրել ենք այն դիմումի տակ, որով դիմել ենք Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական համարելու պարտադիր կուտակայինի դրույթը։ Մեր սկզբունքների մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց ՀԱԿ պատգամավորը։
Արամ Մանուկյանն ընդգծեց, որ իրենք մինչև հիմա էլ համարում են օրենքի նախագիծը հակասահմանադրական և գտնում, որ պարտադիր կուտակայինը պետք է հանվի ամբողջությամբ։
«Այն, ինչ իրենք մինչև հիմա արել են, նույնպես հակասահմանադրականության մեջ է։ Այն, ինչ պարտադրում են մարդկանց ՝ առանց իրենց կամքի աշխատավարձից պահումներ են անում, դա հակասահմանադրական է և նույն դիմումի տակ, որով մենք քառյակով դիմել ենք ՍԴ հստակեցրել ենք մեր դիրքորոշումները և դրանից որևէ քայլ նահանջ չկա, այնպես որ քայլը հիմա Կառավարությանն է, եթե նա գտնում է, որ դա հակասահմանադրական է և պետք է իր բոլոր գործողությունները հակասահմանադրականության հիման վրա լինի, մենք այնտեղ անելիք ու ասելիք չունենք։ Դրա համար է, որ չենք գնացել Կառավարություն, մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այդ հակասահմանադրական օրենքը պետք է ընդհանրապես դուրս գա գործունեությունից»,- եզրափակեց նա։
Սկզբնաղբյուրը` http://www.tert.am/am/news/2014/04/22/aram-manukyan-kutakayin/