Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայում 2013թ. ընթացքում կառավարության կատարած աշխատանքի վերաբերյալ ելույթի ժամանակ ասել է, որ աշխատանքային ներգաղթյալները պետք է ադապտացվեն Ռուսաստանի կյանքին և չպետք է իրենց սովորությունները «փաթաթեն» ռուսներին, հայտնում է lenta.ru-ն։
Վարչապետն ասել է, որ Ռուսաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները, ովքեր հավակնում են որակավորում չպահանջող աշխատատեղերին, անհրաժեշտ են, սակայն նրանք պետք է ռուսերեն խոսեն, համապատասխանեն ռուսական ավանդույթներին և տեղացիներին «չփաթաթեն» իրենց սովորությունները։
Պաշտոնյան շարունակել է՝ ասելով, որ միգրացիոն գործընթացները հաճախ ռուս քաղաքացիների շրջանում անհանգստություն են առաջացնում։
«Բայց մյուս կողմից մենք ցանկանում ենք, որ Ռուսաստան գան ոչ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, այլև հավաքարարներ, քանի որ մեզ մոտ, ինչպես և աշխարհի շատ երկրներում, ոչ ոք չի ցանկանում այդ գործը ստանձնել»,- ասել է Մեդվեդևը։