ՆԵՐԱԾԱԿԱՆ
1.Անցումային արդարադատությունը Հայաստանի ներքաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից է: Թեև արդարադատության համակարգի բարեփոխումները մշտապես կարևորվել են՝ անցնելով մի քանի փուլ, սակայն դրանց գործադրումն ու արդյունքները մասնագիտական, ինչպես նաև հանրային ընկալումներում գնահատվում են ոչ բավարար:
2.2018թ. համաժողովրդական պահանջն ընձեռել է մեր պետականությունն ու հասարակությունը որակական նոր հանգրվանի հասցնելու հնարավորություն, որի հաջողությունը մեծապես պայմանավորված է ներհասարակական և ներքաղաքական հավասարակշռված քայլերով՝ քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ համակարգված գործողություններով։
3.Ներկայումս արդարադատության համակարգն առավել խիստ ուշադրության առարկա է ինչպես արդարադատության նկատմամբ հանրային պահանջի բերումով, այնպես էլ օրենսդիր և գործադիր իշխանությունը ստանձնած քաղաքական ուժի՝ անցումային արդարադատության անհրաժեշտության վերաբերյալ հրապարակային հայտարարությունների արդյունքում: Հանրային քննարկումներում առկա կողմ և դեմ մոտեցումները հիմնականում բխում են Հայաստանի արդարադատության համակարգի լիարժեք գործունեության անհրաժեշտությունից:
4.Այսուհանդերձ, դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունն օրախնդիր է և բխում է ոչ միայն իրավունքի գերակայությանը միտված հանրային պահանջից, այլև, 2015 թ. սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, դատական նոր համակարգի ամբողջական ներդրման հրամայականից:
Հարկ է արձանագրել նաև, որ մինչև այժմ քաղաքական իշխանությունը չի հրապարակել անցումային արդարադատության վերաբերյալ հայեցակարգային որևէ փաստաթուղթ: Հրապարակում ներկայացված սակավաթիվ նյութերից կարող ենք առանձնացնել դատավորների վեթինգի կառուցակարգի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հրապարակած սկզբունքները, ինչպես նաև փիլիսոփայության դոկտոր Ներսես Կոպալյանի «Անցումային արդարադատության օրակարգ Հայաստանի Հանրապետության համար» վերլուծական նյութը (տես՝ https://www.evnreport.com/profiles/dr-nerses-kopalyan): Թեև թեմայի վերաբերյալ առկա են իրավաբան մասնագետների և առանձին հանրային, քաղաքական գործիչների հրապարակային որոշ տեսակետներ, սակայն չկա համակարգված փաստաթուղթ, որը հնարավորություն կտա հանրային, մասնագիտական և քաղաքական լայն քննարկման առարկա դարձնելու Հայաստանում անցումային արդարադատության և դրա առանձին գործիքների կիրառման անհրաժեշտությունը։ Այսպիսով` քաղաքական օրակարգ է բերվել մի գաղափար, որը չունի պատշաճ փաստաթղթավորված հայեցակարգ, մինչդեռ դրա բացակայությունը լի է անորոշություններով ու բարձր ռիսկերով:
Չհավակնելով այդպիսի փաստաթղթի` սույնով ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը ներկայացնում է հայեցակարգային որոշ թեզեր, որոնք կարող են նպաստել դատական համակարգի բարեփոխումների օրակարգն ամբողջացնելուն և որակյալ դարձնելուն, անցումային արդարադատության անհրաժեշտության հարցն առավել պատասխանատու քննարկման վերածելուն:
Քանի որ դատաիրավական համակարգի փոփոխությունները ենթադրում են մեծ ծավալների խորքային վերանայումներ` ներառյալ իրավապահ համակարգը (ոստիկանություն, ազգային անվտանգություն, քննչական մարմիններ, փաստաբանական և նոտարական ծառայություններ և այլն), մարդու իրավունքների պաշտպանության այլ ինստիտուտներ, սույն իրավաքաղաքական վերլուծական նյութով կանդրադառնանք օրակարգ բերված անցումային արդարադատության միջազգային ընդհանրական փորձին, կբացահայտենք այս ինստիտուտի՝ տարբեր հասարակություններում ներդրման ժամանակ ի հայտ եկած ռիսկերին, հայաստանյան իրականությունում դրա ներմուծման քաղաքական դրդապատճառներին, իրավունքի գերակայության ապահովման հրամայականին և դատական համակարգում առանցքային նշանակություն ունեցող անկախ ու անաչառ դատարաններ ձևավորելու հայաստանյան հրամայականին՝ հիմնված միջազգային չափորոշիչների և ՀՀ Սահմանադրության պահանջների վրա:
Ավելին՝ այստեղ