Քաղաքական 

Արցախում բնակվող մեր հայրենակիցները հանդիսանում են մեր ողջ հայության ինքնության պահապանը. Զոհրաբ Մնացականյան

Դուք շատ լավ գիտեք, որ սա մեր կողմից արտահայտված կարևորագույն նպատակներից մեկն է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, և Արցախը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները և իր խորագույն պատասխանատվությունն այս հարցում: Եվ բանակցային գործընթացի և խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում այդ սեփականության զգացումի ամրապնդումը բոլորիս համար չափազանց կարևոր հարց է, և այդ համատեքստում է, որ ձևավորվում է իմ այսօրվա այցի նպատակը: Այս մասին Արցախում նախագահ Բակո Սահակյանի հետ տևած 3 ժամանոց հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դուք գիտեք, որ խաղաղ կարգավորման գործընթացը, խորհրդակցությունները և հանդիպումները շարունակական բնույթի են կրում, և այդ առումով Հայաստանը` որպես այս գործընթացի մասնակից, երբևէ չի հապաղել և չի դանդաղեցրել այս գործընթացը. դա ի ցույց է դնում մեր լրջությունը խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ»,-նշել է նախարարը:

«Գիտեք, որ վերջերս հանդիպում եղավ Վաշինգտոնում, սա շարունակական գործընթաց է, և այս առումով այս հանգրվանում մեզ անհրաժեշտ էր, որ երկխոսության մեջ լինենք Արցախի իշխանությունների հետ, Արցախի նախագահի հետ: Վաղը մեր հանդիպումները կշարունակվեն Արցախի արտգործնախարարությունում, և մենք կշարունակենք աշխատանքը իմ գործընկերոջ՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, որպեսզի ամրապնդենք այս գործընթացի նկատմամբ Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը, միասին գնահատենք փուլը և այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են մեզ նախապատրաստել և շարունակել աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ առանձնահատուկ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել և մնում է մեկ կարևորագույն գերխնդիր՝ Արցախի բնակչության Էքզիստենցիալ անվտանգությունը, որից բխում է Արցախի կարգավիճակի հարցը։ Արցախում բնակվող 150 հազար մեր հայրենակիցներն այսօր հանդիսանում են մեր ողջ հայության ինքնության պահապանը` հաշվի առնելով այդ էքզիստենցիալ վտանգը։ Որևէ հայ աշխարհի ցանկացած կետում չի կարող խուսափել այն խորագույն վնասից, ինքնությանը հասցված վնասից, եթե մենք ունենանք Արցախում բնակվող մեր հայրենակիցների էքզիեստենցիալ անվտանգության որևէ վտանգ»,-հավելել է Մնացականյանը:

Նույն շարքից