Երևի թե նույնիսկ չկարողանամ բացատրել, թե ինչ մեծ պատիվ է այս ուսադիրները կրելը: Դա Երևի աշխատանքի ամենամեծ գնահատականն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ով այսօր վարչապետի որոշմամբ ու նախագահի հրամանագրով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստացավ:
Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց իր աշխատանքը գնահատողներին՝ ՀՀ վարչապետին ու նախագահին՝ շնորհավելով բոլորին Սահմանադրության օրվա առթիվ:

Գեներալ-մայորի զինվորական կոչում ստացած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր հերթին նշեց, որ պարգևատրվել և ստանալ զինվորական բարձրագույն կոչում Սահմանադրության օրը շատ կարևոր է և պարտավորեցնող. «Գեներալի կոչումը ոչ միայն ուրախություն է ստացողների համար, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն: Ես ցանկանում եմ, որ այսօր զինվորական կոչումները և դասային աստիճանները ստացողներն արժանի ծառայեն մեր պետությանը: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին»:
Վանեցյանը ևս բոլորին շնորհավորեց Սահմանադրության օրվա կապակցությամբ: