Սպասելի էր հենց շարքային եղած ժամանակվանից: Իզուր չեն ասում, որ յուրաքանչյուր շարքային ցանկություն ունի դառնալու գեներալ: Այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ-մայորի զինվորական կոչում ստացած ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Երբ 30 տարի առաջ ընդունվեցի ոստիկանություն, ցանկանում էի դառնալ գեներալ: Իսկ այս պահին ցանկանում եմ, որ բոլոր բարեխիղճ ծառայողները դառնան գեներալ»,-ասաց Օսիպյանը:
Ոստիկանապետը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք շատ հեշտ չստացվեց գեներալ դառնալը, նշեց, որ ինքը շուրջ տաս տարի գնդապետ էր. «Ես չեմ ուզում գնահատական տալ իմ կատարած աշխատանքին, թող հասարակությունն ու իմ գործընկերները դա անեն»:
Օսիպյանի խոսքերով, նոր կոչումն էլ ավելի է պարտավորեցնում, որ ավելի բարեխիղճ պետք է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հանուն Հայաստանի ժողովրդի:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե ոստիկանապետ դառնալուց հետո ինքն ազատվել է գեներալ տեղակալներից, քանի որ նրանք աստիճանով ավելի բարձր են եղել, Օսիպյանն ասաց, որ նման կոմպլեքսներ չունի. «Նման խնդիրներ չեմ ունեցել, չի էլ կարող լնիել: Ես ծառայող եմ: Շատ տեղեր եմ աշխատել ղեկավար պաշտոններում, որտեղ իմ ենթականերն ավելի բարձր կոչումներ են ունեցել, դա ինձ չի կաշկանդել: Մեզ՝ զինվորականներիս, դա չի կաշկանդում»: