Սահմանադրական ճգնաժամ առկա չէ, դա արհեստածին մի երևույթ է, որը մարդիկ, խմբերը նետել են օրակարգ՝ փորձելով արժևորել իրենց կամ սպասարկել իրենց նեղ քաղաքական շահերը: Այս մասին հայտարարել է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:
Մինասյանի խոսքերով, Սահմանադրական ճգնաժամ չկա, բայց կա պարզ, տարրական մարդկային նվազագույն իրավական գիտելիքների տիրապետելու կամ առնվազն դրանով առաջնորդվելու ճգնաժամ. «Մարդիկ չեն ուզում իրենց մտավոր կամ նվազագույն գիտելիքներին մի քիչ զոռ տալ կարդալու, հասկանալու, ըմբռնելու, որովհետև իրենց նեղ անձնային, քաղաքական շահը կուրացրել է մտքի պարզագույն տրամաբանությունը»:
ՀՅԴ-ականը նշել է, որ այսօր խորհրդարանում հայտնվել են մարդիկ, ովքեր անտեսեցին Սահմանադրության գերակայությունը, իրենց կոչումը, սկսեցին նորից անբացատրելի հիմնավորումներ բերել, թե ինչու պետք է ՍԴ-ն համարվի չեղած. «Չկա նման բան»:
Հրայր Թովմասյանի մասով Մինասյանը ասել է, որ վերջինս քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, եթե այդ մասով հիմքեր կգտնեն, դա պաշտոնանկության հիմք կլինի. «Վահե Գրիգորյանն ինքն է հենց քաղաքական գործունեություն իրականացնում: Մենք տեսնում ենք, որ փորձ է արվում մանիպուլյացիայի միջոցով Թովմասյանին մղել մի դաշտ, որտեղ նա չկա»: