Հասարակություն 

Մեր այցը հայոց արքաների դամբարան առանձնահատուկ խորհուրդ ունի. Սերժ Սարգսյան /լուսանկարներ/

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամների հետ այսօր այցելել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան: Այն հայոց արքաների միակ պահպանված դամբարանն է և համարվում է հայոց պետականության ու թագավորության անառարկելի վկայություն:

Հանրապետականները տարիներ շարունակ խորհրդանշական ուխտագնացություն են կատարում Աղձք` իրականացնելով նախնյաց հիշատակին նվիրված արարողություն` համոզմամբ, որ այն չափազանց կարևոր է ազգային գիտակցության, պետականության, ազգային արժեքներին տեր կանգնելու տեսանկյունից:

Պատմաճարտարապետական այս համալիր հանրապետականների այցը այս տարի համընկել է ՀՀ պետական նշանակալի տոներից մեկի` Սահմանադրության օրվա հետ և խորհրդանշում է քաղաքական ուժի  անվերապահ հավատարմությունը պետականությանն ու Մայր օրենքի տառին և ոգուն:

Աղձքի հայոց արքաների դամբարանը տարիներ շարունակ գտնվել է պետության ուշադրության և հոգածության ներքո. Վազգեն Սարգսյանը ծրագրում էր համալիրը դարձնել հայոց սպայակույտի երդման արարողության վայր, իսկ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում այստեղ տոնվում էր նախնյաց հիշատակի օրը, պետական բյուջեից միջոցներ էին հատկացվում պեղումների, պատմամշակութային հուշարձանի բարեկարգման, վերանորոգման համար. «Մի ժողովուրդ, որը կարողանում է իր նախնիներին հիշել և արժևորել, այդ ժողովուրդն ապրելու է հավերժ»,-ասում էր Անդրանիկ Մարգարյանը:

Աղձքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է Ամբերդի կիրճի աջափնյա բարձրադիր դարավանդի վրա գտնվող Արշակունիների դամբարանի պեղավայրի վիճակին, կատարված աշխատանքներին, հնավայրի թանգարանացման ծրագրի իրականացման խնդիրներին:

«Մեր այցը հայոց արքաների դամբարան առանձնահատուկ խորհուրդ ունի: Դա և՛ հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, և՛ մեզ համար անանց արժեքների՝ հայոց պետականության ամրապնդման, մեր ժողովրդի դարավոր պատմության ընթացքում ստեղծված հսկայական ժառանգության պահպանման կարևորության ընդգծումը,  ինչպես նաև մեր հանձնառությունը՝  շարունակելու  հայ ժողովրդի հարատևման ու զարգացման, հզոր և կայուն Հայաստան ունենալու համար մեր ջանքերը: Ինչպես պատմության բոլոր փուլերում, այսօր էլ, վստահաբար, այդ ամենին հասնելու համար կարևորագույն երաշխիքը մեր միասնականությունն է»,-ընդգծել է ՀՀ 3–րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Աղձքի արքայական դամբարան ուխտագնացությունից հետո ավելի քան հինգ հարյուր հանրապետականներ մի շարք գործընկերների և համակիրների հետ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից մեկը` Տեղերի վանական համալիր՝  մոմ վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում և աղոթել հայոց պետականության հզորացման ու ամրապնդման, Հայաստանի և Արցախի կայունության, հարատև խաղաղության ու բարօրության համար:

Նույն շարքից