Հասարակություն 

Ջուր կա, չարաշահումներ նույնպես, իսկ յուրացնողը սնանկ է

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքը հաստատվել է, և գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրանքի, 2015 թ․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30,000,000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել: Սարգիս Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել «Ստորագրություն չհեռանալու մասին»:

Analitik.am-ի հետ զրույցում Ներքին Բազմաբերդ համայնքի ղեկավար Խաչատուր Նորեյանը նշեց, որ հասցված վնասը՝ 2.5 մլն դրամ, վերականգնվել է: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք համայնքն ապահովված է խմելու ջրով, ասաց, որ կա՞ նման համայնք, որը խմելու և ոռոգման ջրի խնդիր չունենա, միաժամանակ նշելով, որ համայնքում ջուր կա՝ շատ ու քիչ ջուր լինելու հարցն է․ Ներքին Բազմաբերդի ջուրը գալիս է Արագածի լանջերի աղբյուրներից և խմելու ջրագիծը պետք է բարելավվեր խմելաջրի մակարդակը»:

Նա նաև նշեց, որ շինաշխատանքների ժամանակ թերացումներ են եղել, կատարվել էր անորակ աշխատանք, որը շտկվել է, իսկ այն խողովակաշարով, որի համար նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել՝ ջուրը գալիս է:

Նորեյանի խոսքերով, համայնքը ոչ միայն խմելու ջրի, նաև ոռոգման ջրի դժվարություններ ունի, միայն 500 հա անջարդի հողատարածք ունեն, որից 120 հա է գարի ցանված, սակայն այն էլ այս տարի չեն քաղվելու, կոմբայնը չի կարող քաղել, անձրևների բացակայության պատճառով գարին գաճաճ է, հասկ չի ձևավորվել: Իսկ թե ինչու են քիչ վար ու ցանքս անում, ասաց, որ հիմա բոլորը զարգացել են՝ ոչ ցանում են, ոչ ջրում:

Նշենք, որ մի առիթով Արագածոտնի նախկին մարզպետն ասել էր, որ չի ընդունում իր անվան հետ կապվող չարաշահումների մասին փաստերը: Ինչ վերաբերում է անորակ աշխատանքներ կատարած «Գրէդշին» ՍՊԸ-ին, ապա 2019 թ-ի հունիսի 28-ին «Գրէդշին» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողովի վերաբերյալ հայտարարոթյուն է տարածվել: Գործով կառավարիչ նշանակվել է Սամսոն Ղուկասյանը: Պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի կարգով՝ մեկամսյա ժամկետում։ Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է օգոստոսի 16-ին, Երևան, Օտյան 53/2 հասցեում:

Հիշեցնեենք, որ 2018 թ․-ին ոստիկանությունը տեղեկություններ էր ստացել, որ 2015 թ․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30,000,000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել։ Պարզվել էր, որ 2015 թ․ սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊ ընկերության միջև կնքվել է 29․100․000 դրամի շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագիր։ 4 օր հետո, մարզպետի կարգադրությամբ ձևավորվել է շինարարական օբյեկտների աշխատանքին հետևող հանձնաժողով։

Նախնական տվյալներով՝ որոշ ժամանակ անց «Գրէդշին» ընկերության տնօրինությունն իրականությանը չհամապատասխանող հավելագրումներ կատարելով՝ պատրաստել է շինարարական աշխատանքները ավարտելու վերաբերյալ կեղծ ավարտական ակտ։

Մարզպետը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հորդորել է հանձնաժողովի նախագահին ու անդամներին՝ հաստատել ավարտական ակտը։ Ապա, 2016 թ․ հունվարի 21-ին մարզպետն ինքն է ստորագրությամբ հաստատել հանձնաժողովի նախագահի և որոշ անդամների չստորագրած, որոշ անդամների կեղծ ստորագրությամբ կամ համայնքի ղեկավարի պարտադրանքով ստորագրված ավարտական ակտը։

Արդյունքում՝ «Գրէդշին» ընկերությունը յուրացրել է 10․660․000 դրամ։

Առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և էական վնաս առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից