Ի տարբերություն պաշտոնյաների մեծ մասին, ովքեր միայն 5-6 ժամ հետո սկսեցին արձագանքել Զոդի կամրջի վրա տեղի ունեցած սարսափելի ավտովթարին, ինչի արդյունքում մահացավ 6, վիրավորվեց 11 մարդ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիններից մեկն արձագանքեց կատարվածին՝ մասնավորապես հայտարարելով, որ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով։ Դրանից հետո Թորոսյանը խոսեց նաև լրագրողների հետ՝ հայտարարելով, որ բժիշկները պայքարում են Արարատի մարզում տեղի ունեցած վթարի բոլոր վիրավորների կյանքի և առողջության համար։ Նախարարը, կարծես թե, հանձնում էր քննությունը, բայց, ինչպես երևում է՝ ոչ այս անգամ: Համացանցում մի լուսանկար է տարածվել, որտեղ երևում է նաև Թորոսյանը: Լուսանկարը, ըստ սոցկայքում տարածվող տեղեկությունների, արվել է Փարավոն ռեստորանային համալիրում, ողբերգական վթարից ժամեր անց: Որոշ տեղեկություններով, Թորոսյանը ռեստորան գնացել է ժամը 22:00-ի մոտակայքում, ու կարծես թե, տրամադրությունն այդքան էլ ընկած չէ:
Արսեն Թորոսյանը՝ Փարավոն ռեստորանում՝ Զոդի ողբերգական վթարից ժամեր անց