Հասարակություն գլխավոր 

Բեռնախցիկում երկու երեխա է եղել. ԱԻ նախարարը մանրամասներ է պատմում Վրաստանում տեղի ունեցած վթարից

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԻ Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, խոսելով Վրաստանում տեղի ունեցած մահվան ելքով վթարի մասին, որի արդյունքում ՀՀ երեք քաղաքացի մահացավ, 5-ն էլ վիրավորվեցին, հայտարարեց, որ Առողջապահության փոխնախարարն ու ԱԻՆ փոխնախարարը եղել են Թբիլիսիում, հանդիպել տուժածների հետ. «Տուժածներից երկուսը ծանր վիճակում են՝ վարորդն ու իր տղան: 3-ի վիճակն ավելի լավ է, նրանց արդեն հիմա շտապօգնության մեքենայով տեղափում են Հայաստան: Մյուս երկուսին էլ սանիտարական ինքնաթիռով կարող են տեղափոխվել Հայաստան»:

Նախարարի խոսքերով, այս դեպքում սխալը վարորդից է գալիս. «Փոքր մեքենա է եղել, մեջն 8 հոգի մարդ: Բեռնախցիկում երկու երեխա է եղել: Սա արդեն խոսում է անզգուշության ու անտարբեր վարքագծի մասին: Ես կոչ եմ անում բոլորին զգույշ լինել: Մեր զբաղվածությունն այսօր ֆանտաստիկ ծանր է, կա հրդեհների աննախադեպ քանակ՝ անցած տարվա համեմատ 1600-ով ավել: Այս հրդհները շատ հաճախ մարդկային գործոնի արդյունք են, ոչ թե բնական: Մենք մի ամսվա մեջ արդեն 4-5 անտառային հրդեհի դեպք ենք ունեցել:
Ամեն պետական մարմին իր գործը պետք է կատարի, որպեսզի այդպիսի իրավիճակ չստեղծվի: Խոտը պետք է ջրվի, ժամանակին հնձվի, որպեսզի հրդեհ չբռնկվի: Ցավոք հրդեհների մի մասն էլ բնակելի տարածքների մոտ են լինում»:

Ավտոմեքենաների տեխզննման մասով նախարարն ասաց, որ պետք է գործընթացը խստացվի, պետք է կոնկրետ ու կտրուկ քայլեր ձեռնարկվեն:

Նույն շարքից