Լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են ինչ-որ մարդիկ մտել Բաղրամյան 26-ում գտնվող նախագահական նստավայր, զվարճացել, լուսանկարվել և լուսանկարները տարածել համացանցում: Տարածվել է նաև պնդում, որ այդ քաղաքացիներին ուղեկցել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը Բաղրամյան 26 հասցեում (ներկայումս՝ Բաղրամյան 26/1) գտնվող վարչական շենք տեղափոխվել է այս տարվա մարտից, շենք ելքն ու մուտքն իրականացվում է նախագահի աշխատակազմի ղեկավարի և Պետական պահպանության ծառայության պետի «Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը հաստատելու մասին» հրամանի համաձայն:
Այս ընթացքում տեսանյութում պատկերված անձանց մուտք նախագահական նստավայր չի եղել:
Նշենք, որ մինչ այդ Բաղրամյան 26-ում եղել է ՀՀ վարչապետի նստավայրը: Վարչապետի աշխատակազմից համապատասխան պարզաբանում ստանալ մեզ դեռ չի հաջողվել: