Հասարակություն 

Սևանի ջրշուն. Առասպել, թե՞ իրականություն

Ջրշան մասին խոսակցությունները Սևանի ավազանում անպակաս են, ոմանք տեսել են, ոմանք էլ ենթադրում են, որ տեսել են, ոմանք պղտոր աչքերի միջով են նայել, ոմանք էլ խոստովանում են, որ միսն են կերել: Հիմա թե այս դիպվածներից որն է ճիշտ, որը սխալ`դժվար է ասել:

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի բնակիչներից մեկը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ չի հավատում ջրշան գոյությանը, և մինչև իր սեփական աչքով չտեսնի՝ չի հավատա: Թեև չէր հավատում, սակայն զգուշանում էր անտեսանելի ջրշանը տեսնել սեփական ձկնաբուծարանի տարածքում: Չգիտես ինչու, չտեսնելով համոզված էր, որ բոլոր ձկներին կգզզի, այն է՝ կուտի և մեծ արագությամբ:

Խոսակցություններ կան, որ ջրշան մեկ զույգ է մնացել Սևանա լճում, քանի որ այս կենդանատեսակին տարիներով չեն տեսել:

Ըստ որոշ տեղեկությունների, ջրշուն նկատել են «Արևիկ» պանսիոնատի դիմաց, Ծովագյուղի տարածքում, իսկ Կարճաղբյուրի համայնքապետի աշխատասենյակում ջրշան խրտվիլակ կա, լճում ենթադրում են ընկել է թակարդը՝ սատկել:

Լիճքի նախկին որսորդներից մեկը, որ գուցե նաև ներկա որսորդ էր ու չխոստովանեց, տարիներ առաջ ջրշուն է որսացել, որի համար նրան տուգանել են 250 ռուբլի՝ «չանգյլով եմ քաշե խանե»: Իսկ թե ինչպես են իմացել, ասում է, որ մորթին նվիրել է ընկերոջը, գուցե այսպես, բացի դրանից, տղաների տանը ևս երկու ջրշան մորթի կա, որոնց գոյությունը չկարողացանք ստուգել, սակայն պնդում էր, որ ջրշան միսը շատ համով է:

«Ջրշները շատ զգույշ կենդանիներ են, ջրի վրա կտատանվին, մարդ տեսան՝ կտափեն: Սուզվող կենդանի են, երկկենցաղ: Ամենաշատ ջրշուն Վարդաձորի տակն են, Ծակքարցի Մերուժն էլ ա տեսել՝ մորը 6 ձագերի հետ, ջրի երեսին»,- ասաց նա:

Կա ջրշուն Սևանում, թե չկա, այս կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, որսը խստիվ արգելված է, ջրային կաթնասուն է, բնադրում է Սևան թափվող գետաբերաններում, սնվում է ձկով:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից