Այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ նիստում Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, ցանկացավ իմանալ, թե ինչ է կատարվում Սևանում, որն է խնդիրը և ինչպես պետք է այն լուծել: Նա նաև հիշեցրեց կովերի անկման մասին:
Նախարար Գրիգորյանը նշեց, որ գործոնները մի քանիսն են. «Այս պահին կապտականաչ ջրիմուռների աճն առկա է նաև Բայկալ լճում, Սև ծովում և այլն: Խնդիրները մի քանի աղբյուր ունեն՝ կեղտաջրերը, կոյուղաջրերը, որոնք գալիս են նաև ափամերձ ռեստորաններից, մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են: Հիմնական պատճառն այն է, որ Սևանում կար սառը շերտ, որը ջրի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր: Հիմա ջրի բարձրացումը պետք է բերի սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որպեսզի այդ օրգանական նյութերի աճը պակասի, սահմանափակվի, որպեսզի ջուրը մնա բարձր մակարդակի վրա»:
Գործողությունների մասով նախարարն ասաց, որ Շրջական միջավայրի նախարարությունն անընդհատ մոնիթորինգ է իրականացնում, ունի դիտակետեր. «Մենք նաև երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ ենք ստեղծել: Խոսքը վերաբերում է այդ թվում նաև ՅՈւՆԵՍԿՕ-ին: Մենք նաև դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական հեղինակավոր ինստիտուտները, որոնք փորձ ունեն նմանատիպ խնդիրներ լուծելու: Հստակ ախտորոշումը կարվի, լուծումները կորոշվեն»: